Թեթևություն, ուրախություն և հպարտությունն էր տիրում Դորտմունդի Բորուսիայի պահեստայինների նստարանում, երբ Մարսելի Օլիմպիկի դեմ խաղում 87-րդ րոպեին Քևին Գրոսկրոյթսը դարձավ գոլի հեղինակ և օգնեց թիմին դուրս գալ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ որպես F խմբի հաղթողների:

«Իհարկե մենք կարողացանք անել անհնարինը»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական էջին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Հենրիխ Մխիթարյանը` մեկնաբանելով երեկվա հաղթանակը:

«Մենք շատ հպարտ ենք: Մենք հիանալի խաղ ցույց տվեցինք, չնայած բոլոր հնարավորությունները չօգտագործեցինք, մենք կարողացանք խփել երկրորդ գնդակը: Խաղի ժամանակ մենք իմացանք, որ Նապոլին հաղթանակ է տանում 1-0 հաշվով և խաղադաշտում տվեցինք ամեն ինչ: Մենք խմբում կարող էինք գրավել երրորդ կամ առաջին տեղը, սակայն մեր գործը լավ արեցինք և գրավեցինք առաջին տեղը:  Մենք պատկերացնում էինք, որ Մարսելը ուղղակի ոչ-ոքիի համար չի խաղա, քանի որ նրանք չէին ցանկանում ավարտել զրո միավորով և այն էլ տնային խաղում: Մենք դժվար խաղ էինք սպասում և որ նրանք կձգտեն հաղթանակի հասնել իրենց երկրպագուների առաջ:

Միշտ դժվար է խաղալ թիմի առաջ, որը տաս հոգով պաշտպանվում է, սակայն Մարսելը նաև հարձակվում էր և հնարավորություն ուներ գոլ խփելու: Մենք պատրաստ էինք դրան և կարողացանք գտնել բաց տարածություններ երկրորդ խաղակեսի վերջում և երկրորդ գոլը խփել:

Կարևոր էր վերջացնել առաջին տեղով, քանի որ Դորտմունդը անցած տարի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մասնակից է եղել: Այս տարի դժվար խումբ էր, անցյալ տարի էլ էր դժվար խմբում հայտնվել, սակայն միգուցե կային մարդիկ, որոնք կասկածում էին, որ մենք կկարողանանք այս անգամ առաջին կամ երկրորդ տեղը գրավել: Իհարկե մենք արեցինք անհնարինը:

Ես հիշում եմ գոլից հետո ուրախության զգացումը, քանի որ ընդամենը չորս րոպե էր մնացել դիմանալ: Ես շատ հպարտ եմ, որ մենք կարողացանք անել դա, քանի որ խմբային փուլի ընթացքում մենք շատ խնդիրներ ունեցանք կարմիր քարտերի, վնասվածքների և այլ հանգամանքների հետ կապված: Հակառակ դրա, մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղադաշտ դուրս գալ և հիանալի խաղ ցույց տալ»,- նշել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը: