«ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ի  ընթացքում  հայտնի դարձավ, որ Հայաստանի 2013 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ով ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով և պատմել ապագա ծրագրերի մասին:

- Ի՞նչ զգացողություններ ունեցար 4-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

-Բնականաբար, շատ հաճելի էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում բոլոր խաղընկերներիս, որոնց շնորհիվ ես կարողացա հասնել այս հաջողությանը: Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը նույնպես արժանի էին այդ կոչմանը:

-Մրցանակաբաշխության ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ տեսաուղերձի միջոցով անձամբ բացեց փակ ծրարը եւ հայտարարեց քո անունը: Ի՞նչ զգացիր այդ պահին:

-Կարծում եմ՝ ինչպես ինձ, այնպես էլ բոլորի համար դա մեծ անակնկալ էր: Բնականաբար, շատ հաճելի էր, որովհետև ամեն օր չես լսի, որ ՈՒԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի քո անունը:

-Մի փոքր կխոսես առաջիկա ծրագրերիդ մասին

-Դեկտեմբերի 28-ին մեկնում եմ արձակուրդ, իսկ հունվարի 5-ին պետք է միանամ «Բորուսիային», քանի որ թիմը սկսում է մարզումները: Դրանից հետո կանցկացնենք 8-օրյա հավաք իսպանական Լա-Մանգայում և կպատրաստվենք մրցաշրջանի երկրորդ հատվածին:

-Ի՞նչ կմաղթես Ամանորի կապակցությամբ:

-Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Երկրպագուներին մաղթում եմ, որ միշտ լինեն մեր կողքին, լինեն առողջ: Մաղթում եմ, որ գալիք՝ 2014 թվականը լինի հաջողությունների տարի և մենք էլ կարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին: