Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է կատալոնական ակումբների՝ «Բարսելոնայի» և «Էսպանյոլի»՝ Իսպանիայի առաջնությունից դուրս գալու հնարավորությունը.
«Նույնիսկ եթե Կատալոնիան առանձնանա Իսպանիայից, մենք կանցկացնենք մրցաշրջանը, թեև մինչև վերջ վստահ չեմ:

Այդ սցենարը պետք է վերլուծել օրենսդրության համաձայն: Եթե դա տեղի ունենա, ես անմիջապես կապ կհաստատեմ կատալոնական ակումբների հետ և կհարցնեմ նրանց կարծիքը:
Եթե այդ ակումբները ճանաչեն անկախությունը, ապա դուրս կլինեն Իսպանիայի իրավասության սահմաններից և, ըստ օրենքի, չեն կարողանա մասնակցել առաջնությանը: Նրանք կարող են վիճարկել այդ հարցը, եթե Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան մնա իսպանականի ղեկավարության տակ:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային» և «Էսպանյոլին», ապա մի քանի ամիս առաջ չէի կարող պատկերացնել Լա Լիգան առանց նրանց, բայց հիմա, ցավոք, կարող եմ: Մենք կկորցնեինք Լա Լիգայի արժեքները, բայց մեզ մոտ չէին լինի խնդիրներ այն կազմակերպելու համար: Չգիտեմ՝ կարող են արդյոք «Բարսելոնան» և «Էսպանյոլը» հրաժարվել Լա Լիգայում խաղալուց արդեն այս մրցաշրջանում: Մենք կարծես շախմատ ենք խաղում: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա»,- ասել է Տեբասը Football Espana-ին տված հարցազրույցում: