Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, մեկնաբանելով Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը 0։3 հաշվով, խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Մենք 2 հանդիպում անցկացրինք Անգլիայի լավագույն թիմի դեմ։ Այս խաղում ծախսեցինք մեծ ուժեր։ Ձախողեցինք առաջին խաղակեսը, իսկ ընդմիջումից հետո վաստակեցինք 11 մետրանոցի իրավունք եւ կարող էինք վերադառնալ խաղ, սակայն չկարողացանք անվրեպ իրացնել այն։ Մրցաշարային աղյուսակում «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջեւ միավորների տարբերությունը պատահական չէ։

Մենք ուժեղ թիմ ենք, եւ ցանկանում ենք ապացուցել դա։ Սակայն վստահությունը կորցնելը շատ հեշտ է։ Երբեմն բարձրանում ես աստիճաններով, երբեմն իջնում վերելակով։ Այժմ մենք լավագույն վիճակում չենք, սակայն ամեն ինչ կանենք այս իրավիճակից դուրս գալու եւ հաջորդ խաղում հաղթելու համար։

Օբամեյանգին ժամանակ է հարկավոր հարմարվելու համար։ Նույնը վերաբերում է նաեւ Մխիթարյանին։ Հիմա նրանք ճնշման տակ են, սակայն դեռ կցուցադրեն իրենց»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Արսեն Վենգերի թիմին օրեր առաջ նույն հաշվով հաղթել էր նաեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Պրեմյեր լիգայի տնային խաղում «Արսենալն» առաջին անգամ 3 գոլ բաց թողեց առաջին խաղակեսում, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 51-րդ րոպեին վաստակել էր 11 մետրանոց հարված, սակայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չէր կարողացել անվրեպ իրացնել այն։