Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ տեղափոխվեց «Ռոմա», որտեղ հանդես կգա վարձակալական հիմունքներով: Նա առաջին հարցազրույցն է տվել իտալական ակումբի մամուլի ծառայությանը։

-Բարի գալուստ «Ռոմա», Հենրիխ: Ի՞նչ է նշանակում այս տրանսֆերը քեզ համար:

-Ինձ համար շատ բան է նշանակում: Սա նոր հնարավորություն է, նոր էջ իմ կարիերայում: Այս ակումբում նման հնարավորություն ստանալը ֆանտաստիկ է: Ես գիտեմ, թե իրենից ինչ է ներկայացնում ակումբը ու վստահ եմ, որ թիմը կարող է հասնել իր նպատակներին:

-Ի՞նչ մտածեցիր, երբ իմացար քո հանդեպ «Ռոմա»-ի հետաքրքրության մասին:

-Սկզբում դրանք ուղղակի շշուկներ էին, հետո բանակցությունները սկսեցին լրջանալ: Երբ ես հասկացա, որ նման բան հնարավոր է, մի փոքր մտածեցի ու որոշեցի տեղափոխվել «Ռոմա»:

-Դու արդեն տեսել ես քաղաքը ու սպորտային կենտրոնը: Ի՞նչ տպավորություններ ունես:

-Ճիշտն ասած՝ քաղաքը դեռ չեմ տեսել, բայց ես գիտեմ, որ սա յուրահատուկ քաղաք է: Շատ քիչ բան գիտեմ Իտալիայի պատմության մասին: Սպորտային կենտրոնը ֆանտաստիկ է, շենքները այնպես են նախագծված, որ հնարավորություն են տալիս տքնաջան մարզվել ու հետո լավագույնը ցուցադրել խաղում:

-Դու հանդես ես եկել Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում։ Հիմա պատրաստվում ես խաղալ Իտալիայում: Որպես ֆուտբոլիստ այդ մեծ փորձը ինչպե՞ս է օգնում քեզ:

-Սկզբում հեշտ չէ գալ նոր երկիր՝ նոր մշակույթով: Սա նոր քաղաք է, նոր թիմ, նոր խաղային փիլիսոփայություն, նոր թիմակիցներ, նոր մարզիչ: Կանեմ հնարավոր ամեն ինչ՝ շուտ հարմարվելու ու օգնելու թիմին՝ հասնել իր նպատականերին: Հիանալի կլինի իտալական ֆուտբոլում փորձառություն ձեռք բերելը:

-Դու կենտրոնական հարձակվող չես, բայց միշտ շատ գոլեր ես խփել այն թիմերում, որտեղ խաղացել ես:

-Միշտ փորձում եմ գոլեր խփել: Դա ինձ դուր է գալիս։ Կարծում եմ, որ դա բոլորին է դուր գալիս: Բայց կարևոր են ոչ միայն գոլերը, այլև թիմին օգնելը՝ գոլային փոխանցումներով: Ամենակարևորն էլ հաղթելն է: Դա ավելի կարևոր է, քան գոլ խփելը: Ջանք ու եռանդ չեմ խնայի՝ գոլ խփելու ու թիմի հաղթանակին օգնելու համար։

-Կարիերայիդ ընթացքում 107 գոլ ու գոլային փոխանցում ես հեղինակել: Քեզ դո՞ւր է գալիս գոլ խփելը, այնքան որքան թիմին օգնելը:

-Իհարկե։ Երբեմն ասում են, որ գոլային փոխանցումը ավելի մեծ արժեք ունի, քան գոլը, քանի որ դու անում ես աշխատանքի կեսից ավելին: Եթե հնարավորություն կա փոխանցում կատարելու թիմակցիդ, որպեսզի նա գոլ խփի, ավելի լավ է այդպես վարվել, քան լինել եսասեր ու անել ամեն ինչ ինքդ քեզ համար:

-Կարիերայիդ ընթացքում աշխատել ես տարբեր մարզիչների գլխավորությամբ, այդ թվում՝ աշխարհի լավագույնների:

-Ես նրանցից յուրաքանչյուրից մի բան եմ սովորել ու կարող եմ ասել, որ նրանք բոլորը տարբեր են: Մեծ փորձ էր նրանց բոլորի հետ աշխատելը։ Հիմա անհամբերությամբ սպասում եմ Ֆոնսեկայի հետ աշխատանքին: Ես գիտեմ, թե ինչպես էր նա խաղում: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, ու հույս ունեմ, որ կհաջողվի այդ գաղափարները ներդնել նաև «Ռոմա»-ում:

-Արդյո՞ք դա ազդել է քո որոշման վրա՝ ճանաչելով մարզչին, և իմանալով, թե ինչպիսի փիլիսոփայությամբ է մոտեցել «Շախտյոր»-ի խաղերին: Դա որոշի՞չ գործոն էր:

-Իհարկե: Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ, այնպիսի ֆուտբոլ, որ աչքին հաճելի լինի: Մենք նույնպես կփորձենք այդպես անել երկրպագուներին ուրախացնելու համար:

-Քո կարիերայում եղե՞լ են այնպիսի մարզիչներ, որոնց խաղային փիլիսոփայությունը նման է Ֆոնսեկային:

-Դեռ չեմ զրուցել նրա հետ ու չգիտեմ նրա սիրելի խաղային ոճը: Այս հարցին կկարողանամ պատասխանել մրցաշրջանի ավարտին՝ նրա հետ որոշակի ժամանակ աշխատելուց հետո: Բայց վստահ եմ, որ նա լավ գաղափարներ ունի, նա խելացի է: Այդ պատճառով նա այստեղ է: Իմ ակնկալիքները մեծ են, կարծում եմ, որ դա ակումբին մեծ օգուտ կտա:

-Դու հայկական ֆուտբոլի պատմության ամենակարևոր խաղացողներից ես: Որքա՞ն ես հպարտ այդ փաստով:

-Անկեղծ ասած՝ ես այդքան թվերին չեմ հետևում։ Չեմ հետևում, թե ով որքան խաղաց և ինչ արեց: Ամենակարևորը քո նվիրվածությունն է ազգային թիմին: Միշտ խաղում եմ հաճույքով, միշտ հպարտ եմ իմ երկիրը ներկայացնելու համար:

-Իտալացիների համար դժվար է արտասանել քո անունը: Կարող ես ասե՞լ անունդ, որպեսզի հետագայում մենք ճիշտ արտասանենք այն:

-Բոլորն ինձ Միկի են ասում։ Բոլոր տեղերում էլ այդպես են ասում, դա ամեն ինչ ավելի հեշտ է դարձնում: Կարող եք ինձ Միկի անվանել:

-Դու հանդես ես եկել եվրոպական շատ երկրներում, բայց հետաքրքիր է, թե ինչու ես որոշել ամուսնանալ Իտալիայում:

-Տարբեր վայրեր ենք նայել մեր ամուսնության համար, հետո որոշեցինք պսակադրվել աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հայկական եկեղեցի կա: Այդ պատճառով որոշեցինք արարողությունն այնտեղ կազմակերպել:

-Շատերին դուր է եկել այն փաստը, որ դուք հարսանիքին հրավիրել էիք Ալ Բանոյին։

-Դա նվեր էր կնոջս հայրիկից: Դա անակնկալ էր, մենք նույնիսկ չգիտեինք, որ նա այնտեղ է լինելու:

-Վերջին հարցը: Կա՞ արդյոք հատուկ հաղորդագրություն, որը ցանկանում եք հղել երկրպագուներին:

-Ես դեռ չեմ հանդիպել թիմակիցներիս, բայց ես վստահ եմ, որ նրանք շատ ամբիցիոզ են, և ես վստահ եմ, որ նրանք ամեն ինչ կանեն՝ ամբիցիաներն արդարացնելու համար: Բայց մենք չենք կարող ամեն ինչ անել առանց մեր երկրպագուների: Այնպես որ, եկեք միասին ինչ-որ կարևոր բան անենք այս տարի: