Հայտնի է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը խաղաժամանակ չի ստանում իրանական «Զոբ Ահանում»: Կասպարովի փոխարեն հիմնականում կազմում է հանդես գալիս Մոնտենեգրոն ներկայացնող Միլան Միյատովիչը, իսկ երեկ՝ սեպտեմբերի 27-ին «Զոն Ահանը» հերթական պարտությունը կրեց: Armsport.am-ը զրուցել է Կասպարովի հետ:


- Մեզ հետ ունեցած նախորդ զրույցներում, բազմիցս նշել եք, որ ակումբը Ձեզ հետ նոր պայմանագիր կնքելու մեծ ցանկություն ունի, եւ պատահական չէ, որ ամռանը երկարաձգեցիք այն՝ հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքը: Ի՞նչ է փոխվել վերջին շրջանում:

- Խաղային առումով՝ ոչինչ չի փոխվել, սակայն ակումբում դժգոհ են, որ ես հավաքականի կազմում հանդես գալու պատճառով բացակայեցի վերջին շրջանում: Սակայն ես մեղավոր չեմ, որ Հայաստանի հավաքականի եւ Իրանի առաջնության հանդիպումները համընկնում են: Ես պարտավոր եմ միանալ հավաքականին: Ես չեմ մեկնել ծովափ հանգստանալու, որ նրանք նման կերպ վարվեն ինձ հետ:

- «Զոբ Ահանի» դարպասապահների մարզիչ Հարություն Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ձեզ փոխարինած դարպասապահը հաջող է հանդես գալիս, ինչի պատճառով մարզիչները դեռ չեն կարողանում Ձեզ խաղաժամանակ տալ… Երեկվա խաղից հետո նույն իրավիճա՞կն է:

- Երեկ թիմը հերթական պարտությունը կրեց, որից հետո ես խոսել եմ Հարություն Աբրահամյանի հետ: Նա ասաց, որ հաջորդ խաղին ինձ են ընդգրկելու հիմնական կազմում: Տեսնենք, ես սպասում եմ: Հոկտեմբերի 3-ին է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը…

- Ձեր բացակայության օրոք՝ «Զոբ Ահանը», հիմնականում, պարտվում է…

- Ես հիմնական դարպասապահի դեմ ոչինչ չունեմ, սակայն նրա անցկացրած 4 խաղերից 3-ում՝ թիմը պարտվել է: Իմ օրոք, նման բան չի եղել, թեև նախորդ մրցաշրջանում մեր թիմի կազմն ավելի թույլ էր: Խաղերից մեկում էլ ներկայիս հիմնական դարպասապահն այնպիսի գոլ ընդունեց, որ եթե ես նման գնդակ բաց թողնեի, ապա, հավանաբար, ինձ մեկ տարով կհեռացնեին թիմից…

Ես այն տարիքում չեմ, որ նստեմ պահեստայինների նստարանին եւ սպասեմ… Ես կարող եմ լինել պահեստային, երբ հիմնական կազմի դարպասապահն, իրոք, ուժեղ լինի ինձանից, իսկ ես կպայքարեմ, կռիվ կտամ… Իսկ սա այդ դեպքը չէ: Եթե այսպես շարունակվեց, ապա ես երկրորդ շրջանում հանդես կգամ այլ թիմում: Բարեբախտաբար, Իրանում իմ կարողություններին շատերն են ծանոթ եւ նոր ակումբ գտնելու խնդիր չկա: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ հոկտեմբերի 3-ին կլինեմ մեկնարկային կազմում եւ խաղային պրակտիկա կստանամ՝ հավաքականի ընտրական խաղերից առաջ:

Գեւորգ Կասպարովը՝ Հայաստանի հավաքականում (2012-13թթ.)