ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք Արցախի Հանրապետությունն անկախ ճանաչել և պարտավորվել աշխատելու միջազգային հանրության հետ՝ «նույնին հասնելու համար»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, հայտնում է Asbarez-ը: Շիֆն այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ զրույցում` Արցախում շարունակվող հակամարտությունը քննարկելիս։

«Մենք քննարկել ենք Ադրբեջանի շարունակական ռազմական արշավը, որին աջակցում են Թուրքիան և այն օտարերկրյա զինյալները, որոնք նա բերում է Սիրիայից, և որի արդյունքում զոհվել են հարյուրավոր մարդիկ և տեղահանվել Արցախի քաղաքացիական բնակչության կեսը: Մենք քննարկել ենք նաև Շուշի քաղաքում հայկական պատմական եկեղեցու՝ Ղազանչեցոց տաճարի Ադրբեջանի կողմից կանխամտածված ռմբակոծությունը»,- ասել է Շիֆը:

«Տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ն աջակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի խաղաղ, ժողովրդավարական և բանակցային լուծմանը: Մենք շարունակել ենք այդ քաղաքականությունը նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսել է անթիվ հարձակումներ, և նրանց ղեկավարությունը հաճախ սպառնացել է պատերազմով՝ շփման գիծն ուժով փոխելու համար»,- ավելացրել է նա:

Նա ընդգծել է՝ նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ իրենք չեն կարող լուծել խնդիրը խաղաղ բնակիչների դեմ ուժի գործադրմամբ, և ԱՄՆ-ը ձեռքերը ծալած չի մնա, երբ փորձեն դա անել: Խնդրի միակ լուծումը կարող է լինել բանակցությունների միջոցով՝ ոչ թե հրետանային ու ռումբերով անձրևներ տեղալով հայ խաղաղ բնակիչների վրա։

Խոսելով պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված իր կոչի մասին` նա նշել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Բաքվի ռազմական ագրեսիային միանշանակ աջակցության և Ղարաբաղյան հակամարտությանը կործանարար միջամտության համար: