Ադրբեջանցիներն այսօր՝ հունվարի 27-ին, կրակահերթ են արձակել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ուղղությամբ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այսօր ևս ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունն անցել է Կարմիր շուկա համայնքի կենտրոնական ճանապարհով․ «Այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը կրակել է գյուղի շուրջ, որպեսզի զգուշացնի, որ իր ավտոշարասյունն է անցնում։ Տևել է այնքան ժամանակ, որքան անցել է ավտոմեքենաների շարասյունը։ Կոնկրետ գյուղի մեջ չեն թիրախավորել, կրակել են գյուղի շուրջը»,- նշեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ ավտոշարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է անցել։


Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյանը ևս հայտնել է, որ հունվարի 27-ին Կարմիր Շուկա գյուղի ու դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները նորից խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից:

Նշենք, որ հունվարի 24-ին ևս ադրբեջանական ԶՈՒ-ն Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել։