Գրանցվել է 9.3% գնաճ, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 2 տարում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց տնտեսագետ Սամվել Ավագյանը, հավելելով, որ վերջին անգամ ամանաբարձր գնաճը գրանցվել է 2011թ վերջին:

«Կա 3 հիմնական ապրանքային խումբ, որտեղ գրանցվել են թանկացումները` բանջարեղեն 32% , միրգ` 25%, կոմունալ` 19.1%»,-նշեց նա:
Տնտեսագետի խոսքերով` այս 3 ապրանքային խմբերից հետո թանկացումներ են գրանցվել նաև կաթնամթերքի, հացամթերքի, մասամթերքի շուկայում:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք թանկացել են մենաշնորհային ապրանքախմբերը, նա պատասխանեց, որ այդտեղ հակառակ երևույթ է նկատվում, պարզաբանելով իր խոսքն այսպես. «Նույն շաքարավազը, որը մենաշնորհ է, էժանացել է, նույնն է նաև ձեթի շուկայում»,-նշեց նա, հավելելով, որ միայն ձուն, որը սպասարկում է 5 խոշոր ընկերություն և այս պարենային ապրանքատեսակներում թանկացումը կազմել է 5 դրամ:

Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տվյալներին, ըստ որոնց մենք ունենք գյուղատտնտեսության լուրջ աճ, սակայն տնտեագետի խոսքերով եթե դա այդպես է, ապա չպետք է թանկացումներ լինեին:

Եզրափակելով իր խոսքը նա նշեց, որ հոկտեմբերին թանկացումներն ավելի մեծ տոկոս են կազմելու: