Իրավապաշտպան կազմակերպություն « Amnesty International» կոչ է արել Հայաստանի իշխանություններին առանց հետաձգելու և մանրամասն հետաքննություն անց կացնել և պատասխանատվության ենթարկել երկու քաղաքացիական ակտիվիստի դաժան ծեծի ենթարկողներին:
«Հայաստանի իշխանությունները իրենց վրա պատասխանատվություն են վերցրել ապահովել պայմաններ, որոնց համաձայն ակտիվիստները կարող են կատարել իրենց աշխատանքը առանց որևէ խոչընդոտների, առանց խտրականության և հաշվեհարդարի վախի: Տվյալ դեպքում ստանձնած պարտավորությունների համաձայն ենթադրվում է միայն մեկ բան` պետք է կազմակերպվի անկողմնակալ և արդյունավետ հետաքննություն երկու ակտիվիստի վրա հարձակման կապակցությամբ և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- այս մասին հայտնել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Amnesty International ծրագրի տնօրեն Դենիս Կրիվոշեևը:

Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ սեպտեմբերի 5-ի երեկոյան Սուրեն Սաղաթելյանը և Հայկակ Արշամյանը հարձակման են ենթարկվել շենքի բակում, որտեղ գտնվում է Հայկակի բնակարանը:
Ինչպես հայտնել է Հայկակ Արշամյանը Amnesty International ներկայացուցիչների հետ զրույցում նա համոզված է, որ հարձակումը կապված է իր ակտիվ քաղաքացիական գործունեության հետ: Նա նկարագրել է դիպվածը որպես «հարձակում քաղաքացիական հասարակության և անկախ մեդիայի վրա»:
Միաժամանակ Amnesty International-ի փորձագետները նշում են, որ ոչ Սուրենը և ոչ էլ Հայկակը որևէ կուսակցության կամ կազմակերպության անդամ չեն: Նրանք պարզապես ակտիվ մասնակցություն են ունեցել Եվրասիական միություն մտնելու դեմ բողոքի ակցիայում: «Քաղաքացիական հասարակության ակտիվիստները պետք է ունենան հնարավորություն ծավալելու իրենց գործունեությունը առանց խոչընդոտների, խտրականության կամ հաշվեհարդարի վախի: Իշխանությունները պետք է խրախուսեն մտքի ազատ արտահայտման և հանրահավքների իրավունքը: Միայն արդյունավետ հետաքննությունը ցույց կտա, որ նրանք լուրջ են ընդունում մարդու իրավունքների պահպանման հետ կապված պարտականությունները»,- նշել է Կրիվոշեևը: