Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում Սյունիքում, բայց թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավար Սուրեն Փարսյանը`նշելով, որ Կապանում անվտանգային միջավայրը շարունակում է մնալ լարված եւ լուրջ:

«Սյունեցիները, կապանցիները վճռական են իրենց որոշումներում ու քայլերում։ Մենք ապրել, ապրում ու ապրելու ենք այստեղ։ Մեզ համար հետքայլ գոյություն չունի և չպետք է լինի։ Համենայն դեպս, եթե լինի որևիցե ագրեսիա, մենք պատրաստ ենք պայքարելու և մարտնչելու»,- ասաց Փարսյանը։

Հարցին, թե եթե ՀՀ իշխանությունները որոշեն թշնամուն տրամադրել այսպես կոչված միջանցքը «խաղաղության պայմանագրի» համար, ինչպիսի՞ն կլինի կապանցու, սյունեցու արձագանքը, Փարսյանն ասաց, որ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ինքը ոչ մեկի անվտանգությունը չի երաշխավորում:

«Ես չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետև, մեծ հաշվով, չգիտեմ՝ ինչ են բանակցում այդ հարցի շուրջ և ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում այդ հարցի շուրջ։ Ես կարող եմ միայն մի բան ասել՝ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այսքանը կարող եմ ասել»։