Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակի գործողությունները կախված կլինեն նրանից, թե ինչպես կավարտվի Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը։ Այս մասին պետության ղեկավարն ասել է ռազմական թղթակիցների հետ զրույցում, գրում է «Коммерсантъ»-ը։

«Ընդհանուր առմամբ, ամեն ինչ կախված կլինի այն ներուժից, որը կզարգանա այս, այսպես կոչված, հակահարձակման ավարտին։ ... Կնայենք, թե ինչ իրավիճակ կլինի։ Եվ դրանից ելնելով հետագա քայլեր ձեռնարկեք»,- ասել է նախագահը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ունի այլ տարբեր բնույթի ծրագրեր, որոնք կիրականացվեն՝ կախված առկա իրավիճակից։

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը, գիտակցելով «աղետալի կորուստները», պետք է մտածի հետագա անելիքների մասին։ Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ հակահարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները 10 անգամ ավելի մեծ են, քան ռուսական բանակինը։ Նա ասել է, որ հարձակումը հետ մղելիս Ռուսաստանը կորցրել է 54 տանկ, որոնց մի մասը պետք է վերականգնվի։ Ուկրաինան, ըստ նախագահի, կորցրել է ավելի քան 160 տանկ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը սկսվել է հունիսի 4-ին։ Ավելի վաղ նա պնդում էր, որ ակտիվ մարտեր են մղվել հունիսի 7-ին և 8-ին, սակայն ուկրաինացի զինվորականները հաջողություն չեն ունեցել։ Հունիսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում հակահարձակողական գործողություններ են ընթանում, սակայն մանրամասներ չէր հայտնել։