«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը. մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում:


Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը: Հարթակում առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ 50 տոկոսով հաշվի կառնվեն «Ակտիվ քաղաքացի» հարթակի կարծիքները, 50 տոկոսով՝ մասնագիտական խմբի կարծիքը: