ՆԱՏՕ-ն ներկայումս չի դիտարկում դաշինքը Հայաստանի հաշվին ընդլայնելու հնարավորությունը, իսկ ինքը՝ Երեւանը, կազմակերպությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքից։

«Պարոն Ֆեհլինգերը պաշտոնական կապ չունի ՆԱՏՕ-ի հետ։ Նա ՆԱՏՕ-ի աշխատակից չէ, նրա տեսակետներն ու կարծիքները իրենն են և չեն արտահայտում դաշինքի տեսակետները։ Իսկ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեն», չնայած անվանմանը, դաշինքի կոմիտե կամ մարմին չէ», - «Իզվեստիային» ասել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը:


Նա նաև ընդգծել է, որ դաշինքի գործընկերներն իրենք պետք է որոշեն ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերությունների մակարդակը։

«Հայաստանի կողմից դաշինքին միանալու պաշտոնական դիմում չի եղել։ Դա մեր տեսանկյունից խնդիր չէ՝ հաշվի առնելով այլ գործընկեր երկրների հետ երկարամյա համագործակցությունը, որոնք չեն ձգտում միանալ ռազմական բլոկին», - նշել են դաշինքում։