Ադրբեջանը հույս ունի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչեւ այս տարեվերջ, ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը։

«Մենք մինչեւ հիմա հույս ունենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչեւ տարեվերջ եւ հայ քաղաքական ղեկավարությանը կոչ ենք անում կատարել գլխավոր քայլը՝ պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ ստորագրություն դնելով գրանցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ մեր հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանը, եւ պարտավորվել ձեռնպահ մնալ ապագայում մեր երկրի ներքին գործերին միջամտելուց։ Այդ թվում եւ մեր ներքին հարցերը, ինչպիսին են Ղարաբաղում հայկական ծագմամբ մեր քաղաքացիների հետ մեր փոխգործակցության հարցերը միջազգային հարթակներ դուրս բերելու փորձերի միջոցով՝ բնակչության այդ խմբի իրավունքների եւ անվտանգության ապահովման պատրվակով։ Նրանք մեր քաղաքացիներն են, եւ նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովվելու են Ադրբեջանի սահմանադրությամբ»,- ասել է Հաջիեւը։


Հաջիեւը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի տարածքում անջատողականության ֆինանսավորման եւ հրահրման քաղաքականության մեջ»։

«Իսկ ինչ վերաբերում է միջազգային միջնորդների գործունեությանը, ապա մենք բարձր ենք գնահատում նրանց ավանդը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։ Այդ գործընթացում Ռուսաստանի դերը, որի ակտիվ միջնորդությունն ապահովել է եռակողմ հայտարարության ստորագրումը 2020թ. նոյեմբերին, ինչը վերջ դրեց լայնամասշտաբ մարտական գործողություններին, չափազանց կարեւոր է։ Բանակցությունների գործընթացում իրենց ավանդն են ներդնում նաեւ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն։ Ընդհանուր առմամբ, բանակցությունների ուղղություններից յուրաքանչյուրը յուրովի ինքնատիպ է եւ օգնում է երկխոսություն վարելուն Բաքվի եւ Երեւանի միջեւ ամենախնդրահարույց հարցերում»,- ասել է նա։