Գիտե՞ք չէ, թե ինչ օր են արցախցիները ադրբեջանցիների հետ բանակցում. այսօր Սեպտեմբերի 21-ն է և այսօր պետք է տոնեինք մեր անկախության օրը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որ հայ ժողովուրդն իր անկախությունը պահպանի, քանի որ այդ օրը մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր նահատակված հայորդիներին. «Ցավոք, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության, որը սկսվել է 2018 թվականին, մենք հայտնվել ենք այս վիչճակում, Արցախը հայտնվել է այս աղետալի վիճակում։ Խաղաղության այն թեզը, որը խաբկանք է հայ ժողովրդի համար, վարում է թուրք-ադրբեջանական տանդեմը, դա խորամանկություն է։ Նրանց նպատակը ոչ միայն Արցախն է, այլեւ՝ Հայաստանը, Հայաստանով միջանցք, ճանապարհ ունենալը։ Այդ խաբկանքին կուլ է գնացել Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած քաղաքականության շնորհիվ:

Մի կողմից էլ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է։ Գիտեք, խելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրա։ Մի քիչ քիչ խելացին, սովորում է նաև իր սխալների վրա, բայց երբ մարդն անդադար սխալներ է թույլ տալիս, անհաջողությունների ու պարտությունների շարաններ են լինում նրա օրոք, դա արդեն... »,-ասաց Օհանյանը:

Նրա խոսքով, մարդ ինչքան պետք է հեռու լինի դիվանագիտություններից, երբ հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակներում, որտեղ պետք է լուծվի նաև Արցախի ճակատագիրը, Պրահայում ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Դրանով իսկ ասելով՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, այն խոսքերից հետո, երբ նա իր գործողությունն սկսել էր «Արցախը Հայաստան է և վերջ», առանց հասկանալու, թե ինչ է բանակցային գործընթացը, նրա որ կետում են կանգնել ՀՀ նախկին իշխանությունները, ինչպես պետք է շարունակել»,-ասաց Օհանյանը:

Օհանյանը նշեց, որ երբ բանակցությունները տապալվում են, այն ժամանակ սկսվում է պատերազմը. «Կարելի է ասել, որ ՀՀ-ն անկախություն ձեռք է բերել Արցախով։ Արցախյան շարժումն է հիմք հանդիսացել, որ սեպտեմբերի 21-ին մեր անկախությունը կերտենք։ Եվ այսօր ՀՀ անկախության օրը Փաշինյանը հանձնեց Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին ու մեր անկախության վրա մի մեծ քար նետեց։ Եվ այսօր, փոխանակ մեր ժողովրդին շնորհավորենք, այսպիսի տրամադրություն ունենք»։