ԵՄ-ն պետք է լուրջ հետևանքներ պարտադրի, եթե ղարաբաղյան հայերին իրենց տներից վտարելու փորձեր լինեն: Այդ մասին Guardian-ին հայտնել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերը:

«Իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այս շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում, ընդգծում են այնտեղի հայ բնակչության լուրջ մտահոգությունները»,- ասել է Մաքալիսթերը։ «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության մասին Ադրբեջանի հրապարակային հավաստիացումների ֆոնին հումանիտար օգնության միջանցքների արգելափակման մասին հաղորդումները չեն նպաստում իրավիճակի դեէսկալացմանը։ Փոխարենը, դրանք, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն տեղի բնակչության արտաքսմանը»,- զգուշացրել է նա:

Աջ կենտրոնամետ գերմանացի քաղաքական գործիչը նաև նշել է, որ «հրադադարը, ինչպես նաև ղարաբաղցի հայերի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Եվլախում առաջին քայլերն էին, բայց դրանք միակը չեն կարող մնալ։ Ադրբեջանը պետք է ապահովի հումանիտար հասանելիություն տարածաշրջան և երաշխավորի կենսամակարդակը, որպեսզի ընդգծի իր հավատարմությունը կայուն խաղաղությանը»:

Նա ասել է, որ ԵՄ-ն «պետք է հստակ հասկացնի, որ հայ բնակչությանը վերաբնակեցնելու կամ Լեռնային Ղարաբաղը լքել ստիպելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»: