Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ի սրտե շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության քսաներկուերորդ տարեդարձի առթիվ:

Անկախությունն է այն գերագույն արժեքը, որը հնարավորություն է ընձեռում մեզ միջազգային ասպարեզում ունենալ սեփական դիրքն ու նշանակությունը, առաջնորդվել զարգացման ու առաջընթացի սեփական ուղենիշերով: Անկախությունը յուրաքանչյուր քաղաքացու տալիս է հպարտության և լիարժեքության զգացում:

22 տարի առաջ այս օրը մեր հպարտ ու հաստատակամ քաղաքացիները իրենց վճռականությամբ «Այո» ասացին Անկախությանը: «Այո՛» ասացին սեփական ապագան անկախ և ազատ երկրում կերտելու իրենց նվիրական երազանքին` վերահաստատելով իրենց ցանկությունը` ապրելու ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, սոցիալական պետությունում:

Անկախության և պետականության կերտումը շարունակական գործընթաց է և յուրաքանչյուրս պարտավոր ենք պահպանել և զարգացնել այն` կարողանալով արժևորել ու ծառայեցնել անկախությունն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման:

Թեև ունենալով բացթողումներ ու սխալներ մեր անկախության կայացման ու զարգացման ճանապարհին, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողել մեր պետության և մեր քաղաքացիների կյանքի որակի վրա, սակայն ակնհայտ է, որ ՀՀ հպարտ քաղաքացին հաստատակամ ու վճռական է իր անկախությունն ու անվտանգությունը ամրապնդելու նվիրական գործում:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորելով բոլորիս Անկախության տոնի առթիվ, վստահ է, որ միայն զարգացած ժողովրդավարությամբ, մրցունակ ու ժամանակակից տնտեսությամբ, կայացած քաղաքացիական հասարակությամբ և օրենքի գերակայությամբ Հայաստանի Հանրապետությունն է ի զորու միջազգային հարթակում հանդես գալու որպես այդ հանրության լիիրավ մաս` անսասան պահելով իր ինքնիշխանությունն ու անկախությունը»:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
21 սեպտեմբերի, 2013թ.
ք. Երևան