Իսրայելը հրադադարի մասին նոր համաձայնագրի շրջանակում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարներին առաջարկել է հեռանալ Գազայից։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկու պաշտոնյայի։

Չնայած առաջարկը շարժման ղեկավարների համար անվտանգ ելք կապահովի, Գազային նրա առաջնորդներից զրկելը կարող է «թուլացնել ՀԱՄԱՍ-ի վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ» եւ թույլ տալ Իսրայելին շարունակել հետեւել բարձրաստիճան ներկայացուցիչներին արտասահմանում։


Ինչպես նշել է հեռուստաալիքը, հակամարտության չորս ամսում Իսրայելին չի հաջողվել բռնել կամ սպանել ՀԱՄԱՍ-ի ոչ մի բարձրաստիճան ներկայացուցչի Գազայի հատվածում։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները գտնվում են Կատարում, Լիբանանում, ինչպես նաեւ պաղեստինյան տարածքից դուրս այլ վայրերում, նշել է հեռուստաալիքը։

Ինչպես նշել է CNN-ը, այս առաջարկը վերջին շաբաթների ընթացքում քննարկվել է առնվազն երկու անգամ, բայց ՀԱՄԱՍ-ը հազիվ թե համաձայնի նման պայմանների։