Իտալիա կատարած այցն ավարտելով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ իր երկիրը չի ցանկանում պատերազմ ոչ Իրանի, ոչ Լիբանանի հետ, բայց ստիպված կլինի դիմել ռազմական գործողությունների ուղիղ հարվածների դեպքում։

«Մենք պատերազմ չենք ցանկանում Իրանի հետ, բայց եթե ենթարկվենք ուղիղ գրոհի, կպատասխանենք»,- ասել է նա La Repubblica թերթի հարցազրույցում՝ հիշեցնելով, որ Թել Ավիվը չի ստանձնել ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանության հյուպատոսական շենքին հասցված ավիահարվածի պատասխանատվությունը։ Գրոհի հետեւանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) յոթ զինվորական խորհրդական եւ վեց սիրիացի։

Կացի կարծիքով՝ Արեւմուտքում ճիշտ չեն պատկերացնում այն սպառնալիքը, որը ներկայացնում է Իրանը։ Նախարարի խոսքով՝ մինչ այժմ Իսրայելի արձագանքը Լիբանանից «Հեզբոլլահի» եւ հութիների հրթիռների արձակմանը Գոլանի բարձունքների եւ Էյլաթի դեմ «զուսպ» է եղել։ «Բայց եթե, օրինակ, Լիբանանից Թել Ավիվ թռչեն հրթիռներ՝ որպես Դամասկոսի վրեժ, Իսրայելը իր ինքնաթիռները եւ անգամ զինվորներին կուղղի նրա դեմ»,- նշել է նախարարը։

«Մենք ստիպված ենք տարհանել հազարավոր իսրայելցիների «Հեզբոլլահի» հրթիռների պատճառով։ Եթե նրանք [«Հեզբոլլահի» մարտիկները] չհեռանան Էլ Լիտանի գետից այն կողմ, ինչպես նախատեսված է ՄԱԿ 1701 բանաձեւով, մենք ստիպված կլինենք պատերազմ սկսել նաեւ Բեյրութի դեմ։ Մենք դա չենք ուզում, նախընտրում ենք հետեւել բանակցությունների ուղուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ այլ երկրների աջակցությամբ, որոնք զորակազմ ունեն այդ գոտում»,- ասել է Կացը։