«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պատրաստ է գնալ Ազգային ժողով եւ հանդիպել իշխանական պատգամավորների հետ, բայց դեռ հրավեր չունի: Ինչպես հայտնի է, Դատական դեպարտամենտի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո ԱԺ ՔՊ իշխող խմբակցության պատգամավորները պատրաստվում են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կանչել ԱԺ՝ պարզաբանումների:
Խոսքը «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար:Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար: Հավանաբար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնագլուխ է գործել ու նման խայտառակ տեսանյութ պատրաստելու պատվեր է տվել, հիմա իշխանականները որոշել են փակ հանդիպման կանչել Անդրեասյանին՝ պարզաբանումներ ստանալու:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար, թե Կարեն Անդրեասյանը ստացել է արդյոք Ազգային ժողովից հրավեր եւ պատրաստ է արդյոք գնալ ԱԺ ու հանդիպել ՔՊ-ականներին։ Ի պատասխան՝ ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ դեռեւս շատ վաղուց Ազգային ժողովի ամբիոնից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մինչ տեսանյութի հրապարակումը հայտնել էր, որ պատրաստ է Աժ բոլոր ֆրակցիաների հետ թե՛ բաց, թե՛ փակ քննարկումերի, բայց դեռեւս հրավեր չի ստացել։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: