Նույնականացման քարտն իր մեջ պարունակում է էլեկտրոնային ստորագրություն, որոնցով քաղաքացիներն իրենց հարկային պարտավորությունները կարող են կատարել տանից` էլեկտրոնային եղանակներով, բացի դա, այն չափսերով ավելի փոքր է և ավելի դիմացկուն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

Նա նշեց, որ նույնականացման քարտի չիպում առկա են քաղաքացու տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, ծննդավայր, ծննդյան ամսաթիվ, իսկ կենսաչափական անձնագրում՝ բոլոր նույն տվյալները` բացի հասցեին, ինչպես նաեւ տվյալի անձի ցուցամատի հետքերը։

Մուրադխանյանը նաև հայտնեց, որ քաղաքացիները կարող են դիմում գրել եւ հրաժարվել նույնականացման քարտում առկա հանրային ծառայության համարանիշից և այդ դեպքում ուժի մեջ կմնա սոցիալական քարտը։ Իսկ հանրային ծառայության համարանիշը այն համարն է, որը քաղաքացուն նույնականացնում է։ «Կենսաչափական անձնագրերը ավելի շատ են անձին նույնականացնում, հեշտ են անցնում սահմանային անցակետերով, դրանցով ավելի հեշտ են դեսպանատներում տրամադրում վիզաներ։ Նույնականացման քարտը չափերով ավելի փոքր է, ավելի դիմացկուն»,- նշեց նա։

Գնդապետը նաև նշեց, որ կենսաչափական անձնագրում ելքի վիզա հասկացություն գոյություն չունի, և ի սկզբանե այն տրամադրվում է 10 տարի ժամկետով: Նա նաև նշեց, որ այն անձինք, ովքեր երկրից դուրս չեն գնում պարտավոր չեն ունենալ կենսաչափական անձնագիր: Ամփոփելով, բանախոսը նշեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ 91 հազար քաղաքացի ունի նույնականացման քարտ, իսկ 4500-ից ավելին՝ կենսաչափական անձնագիր։