«Եթե որևէ անձի շուրջ, առավել ևս բարձրաստիճան պետական պաշտոնյայի, անընդհատ կրիմինալ պատմություններ են տեղի ունենում և շրջանառվում, ապա դա ուղղակիորեն համապատասխան մարմինների համար շատ մանրակրկիտ աշխատանքներ իրականացնելու և իշխանությունների համար եզրակացություններ անելու հանգամանք է»,- այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց նախկին ԲՀԿ քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Ես զարմանում եմ, որ կարելի է այդքան ծամծմել թեման, ես զարմանում եմ, թե ինչով է շահագրգռված իշխանությունը այդ բոլոր պատմությունների առթիվ առաջացած հանրային դժգոհության հետ առընչվելու և դեմ հանդիման կանգնելու պատրաստակամության առումով: Այսինքն, էտ ինչ մի առավելություններ կան տվյալ անձի մոտ, որի առկայության պայմաններում իշխանությունները հանդուրժում են այս ամենը: Սա առհասարակ այդ երևույթի հետ կապված...երկրորդ՝ բոլոր տեսակի հանցագործությունները Հայաստանի Հանրապետությունում, սևով սպիտակի վրա գրված քրեական օրենսգրքում, ենթադրում են իրենց համար համապատասխան պատիժներ, գործողությունների իրականացում իրավապահ մարմինների կողմից և համապատասխան պատիժներ:

Իսկ, օրինակ, երեկ Ազգային Ժողովում Գլխավոր դատախազի պաթոսով հնչեցված նկարագիրը, պատկերը դատախազական համակարգում, ըստ իս ամբողջովին չի արտաբերում այն իրավիճակը, որը հանրապետությունում առկա է: Կցանկանայի որպեսզի այդ պաթոսը արդարացված լիներ»:

Իսկ կապված համացանցում տարածված վարկածի, թե մարզպետը ինքն է ինչ-ինչ նպատակներով կազմակերպել միջադեպը, Տիգրան Ուրիխանյանը ասաց, որ ինքը այդպիսի կլանային և միջկլանային հարաբերությունները չի ցանկանում մեկնաբանել: