Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած... մեծն Սևակի այս տողով կարելի է խոսել նաև անվանի ու իսկական հայորդի Արծվին Գրիգորյանի մասին, ով իր ավանդն ունի հայկական ճարտարապետության ու արվեստի մեջ....

Արծվին Հայկի Գրիգորյան (1935, մայիսի 25, Թիֆլիս - 2012, սեպտեմբերի 14, Երևան), ճարտարապետ, ճարտարապետների միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի որդին է։

Նա եղել է Երևանի գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական հիմնավորման խմբի անդամ, Երևանյան լճի առափնյա զբոսայգու նախագծողը, Հրազդան գետի ձորում Երևանի հանգստի համաքաղաքային գոտու գլխավոր հատակագծի հեղինակն է: Նա հայտնի է եղել նաև որպես գեղանկարիչ:

Նրա աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Փարիզում, Սեուլում, Մոսկվայում և այլ քաղաքներում: 

Եվ այսպես, սույն թվականի մայիսի 26-ից մինչ հունիսի 6-ը Հայաստանի Ճարտարապետների միությունում, որը գտնվում է Բաղրամյան 17 հասցեում, տեղի կունենա Արծվին Գրիգորյանի 80-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես: Ցուցահանդեսի բացումը՝ մայիս 26, ժամը 17;00: