Կարսը միջնադարյան Հայաստանի մինչև օրս պահպանված մայրաքաղաքներից է: Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին, շրջապատված բլրապատ բարեբեր դաշտերով, ծովի մակերևույթից մոտ 1850 մ բարձրության վրա: Կարսը գտնվում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառում։ Նրա առաջին տերերը Վանանդի իշխաններն (նախարարներ) էին, որոնք հիշատակվում են IV դարից։ Ամենայն հավանականությամբ սկզբից ի վեր Կարսը Վանանդի կենտրոնն էր, նրա գլխավոր բերդը, Վանանդի նախարարների աթոռանիստը։

Ավելի ուշ՝ IX դարից, հիշատակվում է իբրև բերդաքաղաք, իսկ 928 թ. դառնում է Հայաստանի մայրաքաղաք։ Սակայն երկարատև չի մնում կենտրոնական թագավորության մայրաքաղաք։ 931թ. Աշոտ 3-րդը Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք է հռչակում Անին, իսկ Կարսը մնում է որպես Բագրատունիների կրտսեր ճյուղի Կարսի կամ Վանանդի ֆեոդալական փոքր թագավորության մայրաքաղաք։

1053թ. սելջուկ թուրքերը հարձակվում են Կարսի վրա։ Կարսի վերջին թագավոր Գագիկը, սելջուկյան շարունակվող հարձակումների վտանգը նկատի ունենալով, հարկադրված է լինում 1064թ. զիջել Կարսը բյուզանդացիներին: Դրանից հետո Կարսը գրավում են սելջուկ թուրքերը, որոնց տիրապետությունը շարունակվում է մինչև XII դարի վերջերը։ 1198—1236թթ. հայազգի զորավարներ Զաքարե և Իվանե Զաքարյանները Կարսը միացրել էին վրացական թագավորությանը։

IX դարից մինչև մոնղոլական արշավանքներն ու նրանց ծանր լծի հաստատումը Կարսը շարունակում էր զարգանալ։ X դարում, հատկապես մայրաքաղաք եղած տասնամյակներում, Կարսն արագ թափով առաջադիմում և բարեկարգվում է։ Այս ժամանակներում է կառուցվում մինչև օրս կանգուն հռչակավոր Կաթողիկե եկեղեցին: XI դարի պատմագիր Արիստակես Լաստիվերտցու վկայություններից երևում է, որ Կարսը եղել է բարեկարգ և հարուստ քաղաք, որը քարավանային ճանապարհներով առևտրական սերտ կապեր է ունեցել Սև ծովի նավահանգիստների, ինչպես և Հայաստանի ու հարևան երկրների առևտրական խոշոր քաղաքների հետ։ Անուղղակի տվյալներից երևում է, որ XI—XIII դդ. Կարսի բնակչության թիվը հավանաբար անցնում էր 50000 մարդուց։ Իսկ սա այդ դարերի քաղաքների բնակչության համար շատ մեծ թիվ էր:

Քաղաքի համար առանձնապես ծանր հետևանքներ ունեցան թուրք–պարսկական երկարատև պատերազմները (XVI—XVII դդ.), որոնց ընթացքում ավերվելուց բացի, քաղաքի տնտեսական կյանքը գրեթե ընդհատվեց: 1876թ. Էրզրումի վիլայեթը բաժանվեց մի քանի վիլայեթների։ Դրանցից մեկն էլ Կարսի վիլայեթն էր՝ Կարս կենտրոնով։ Թուրքական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Կարսը որևէ չափով չի առաջադիմել։ Կարս քաղաքի և նրա շրջակայքի միացումը Ռուսաստանին կատարվեց 1877—1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Կարս քաղաքն ու մարզը, Բրեստի 1918 թ. մարտի 3-ի պայմանագրով, նորից անցան Թուրքիային։ Այստեղի հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց թուրքերի կողմից իրականացված կոտորածներին։

Քաղաքի տնտեսական կյանքը բավական աշխուժացավ XX դարի սկզբներից՝ կապված Ալեքսանդրապոլ—Կարս երկաթուղու կառուցման հետ։ Կարսի հայ բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով, տնայնագործությամբ և արդյունաբերությամբ։ Ներկայումս էլ Կարսը շատ թե քիչ հայտնի է ավանդույթով եկած արդյունաբերության ճյուղերով` կաթի, յուղի, պանրի գործարաններով և գորգերի ու կոշտ գործվածքների ձեռնարկություններով:

Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ։ Այն մեծն Եղիշե Չարենցի ծննդավայրն է։

Կարսի հիշարժան կառույցներից կարելի է նշել Կարս գետի վրա գտնվող քարակերտ կամուրջները, որոնք թվով երեքն են և կառուցվել են տարբեր ժամանակներում։

Թուրքերի և ադրբեջանցիների կողմից հրապարակված հոդվածներում, նորաստեղծ պատմության և գրականության մեջ բազմիցս ցանկացել են Կարսը թուրքական պատմական քաղաք ներկայացնել և աշխարհին ապացուցել իբր իրենք են հիմնադրել այդ քաղաքը: Մենք նույնպես պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները հայ սերունդներին և օտար ժողովուրդներին տեղեկացնելու, որ Կարսն իրականում հայկական հողակտոր է և այժմ էլ այնտեղ բազմաթիվ հայեր են ապրում:

Պատմությունը կեղծիքներ չի սիրում, նրա համար փաստերն են կարևոր: Այն փաստերը, որոնք կասկածի ոչ մի առիթ չեն տալիս և ապացուցում են, որ անմեղ ու խաղաղ ժողովրդին բարբարոսաբար բնաջնջելով, նրանց հայրենի հողը գրավելով և ստեր հորինելով ո՛չ Կարսը, ո՛չ էլ մնացած հայկական քաղաքներն ու գյուղերը միևնույն է չեն դառնալու թուրքերի պատմական սեփականությունը:

Կարսում և Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում ապրող բազմաթիվ հայերը սրտի խորքում հույս ունեն, որ մի գեղեցիկ օր, ի վերջո, արդարությունը կհաղթանակի և նրանք նորից կապրեն Հայաստանում ու անվախ կբացականչեն, որ հայ են: Ամենակարող Աստված արդարության կողմն է, իսկ դա նշանակում է, որ ամեն հայ պետք է սպասի և հավատա, որ գալու է այդ գեղեցիկ օրը: