Այսօր ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարակման ժամանակ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալը հայտարարել է, որ 2016 թ.-ին ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին, իսկ տնտեսական աճը ՝ պայմանավորված արտաքին գործոններով՝ կլինի ավելի համեստ` ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ 12 ամսվա կտրվածքով՝ 4` պլյուս մինուսն մեկ տոկոս: Այս ցուցանիշների մասին YerevanNews.am-ը խոսեց տնտեսագետ, ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ:

- Բազմաթիվ, այդ թվում զարգացած, երկրների մոտ արտաքին պարտքը, ոչ թե 50 տոկոս է այլ գերազանցում է իրենց համախառն ներքին արդյունքը, ըստ էության մեծ դժվարություններ կամ ընդհանրապես դժվարություններ չի առաջանում՝ դրանց արդյունավետ օգտագործման տեսանկյունից: ՀՀ կտրվածքով, որքան բարձրանում է, դրա կառավարման հետ կապված դժվարությունները մեծանում են, բայց, եթե արտաքին պարտք կազմող ֆինանսական միջոցները ճիշտ են տեղաբաշխվում և հատուկ հիմնավորված ծրագրերի և նախագծերի համար են օգտագործում, ապա բացարձակապես ծանրաբեռնվածություն չեն հանդիսանում երկրի համար: Մեր մոտ հիմնական մտահոգությունը կապված արտաքին պարտքի հետ պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև օրս դրանք պարզապես արդյունավետ չեն օգտագործվել: Այնպես որ, 50 տոկոս սահամանգծի պարագայում ևս ՀՀ-ին չի սպառնում որևէ վտանգ կապված արտաքին պարտքի սպասարկման կամ կառավարման հետ: «Скорее всего» պետք է նոր վարկային միջոցները օգտագործվեն հնարավորինս արդյունավետորեն:

Իսկ արդյունավետ կառավարումը, ըստ Ձեզ, որքանո՞վ է հնարավոր:

- Բոլոր դեպքերում, մեր մոտ գոյություն ունեցող հարաբերությունների կտրվածքով և այս պահի առումով երաշխիքները մեծ չեն, որովհետև մինչև օրս նման բան տեղի չի ունեցել, բայց եթե հանկարծակի կառավարողները զգաստանան և կամք դրսևորեն՝ անհնարին ոչինչ չի լինում, կարող է և լավ լինի: Չնայած ժողովրադական խոսք կա՝ «կարմիր կովը իր կաշին չի փոխում»:

Պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տնտեսական աճի առումով մենք ունենք դժվարություններ: Բոլոր դեպքերում կառավարողները բնականաբար չեն կարող ասել, թե հետընթաց է լինելու մեր մոտ: Այո՛, պետք է լինի տնտեսական աճ, բայց դա կլինի, թե չի լինի առաջին հերթին պետք է հասարակությունը, բնակչությունը, քաղաքացիները իրենց վրա զգան: Այս պահի դրությամբ, երբ Հայաստանում 2016թ.-ի համար ընդհանրապես չի նախատեսվում եկամուտների բարձրացում, ավելին գոյություն ունի եկամուտների սարսափելի բևեռացվածություն, այսինքն, երբ երկրում աղքատության պաշտոնական ցուցանիշը կազմում 34 տոկոս, այդ պարագայում տնտեսական աճը շատ հարցականներով է ներկայանում:

Իսկ եթե հանկարծ լինի տնտեսական աճ, ես ինքս չեմ կարող երաշխավորված պնդել այդ մասին, առավել ևս, որ այդ տիրույթում չեմ գտնվում: Որպես հայ քաղաքացի ես դեմ չեմ, որ լինի տնտեսական աճ: