ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակցի։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 3-ին ոստիկանությունից ստացվել են քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության առանձին աշխատակիցների կողմից հունվար ամսին կաշառք պահանջելու վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ աշխատակիցներին մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Վեջինիս վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարել է, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, իսկ մյուս մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը՝ մերժել։

Նշենք, որ ավելի վաղ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է: Մեր տեղեկություններով՝ նրա անունն Արմեն է: Նա ծառայության նոր պետի մարդն է և աշխատանքի է ընդունվել նրա օրոք: