«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարության երեկ տեղի ունեցած նիստը ուշագրավ է եղել այն տեսանկյունից, որ դրան առաջին անգամ որպես ՀՀ ՊԵԿ նախագահ մասնակցել է Հովհաննես Հովսեփյանը: ՀՀ կառավարության նիստերում արդեն ձևավորված ավանդույթ է դարձել, որ նոր նշանակված պաշտոնյաներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շնորհավորում է: Օրինակ՝ երեկ վարչապետը հատուկ շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նոր ղեկավար Նաիրի Հարությունյանին՝ իր նշանակվելու կապակցությամբ: Սակայն ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակվելու փաստին Աբրահամյանը նշանակություն չի տվել և նրան չի շնորհավորել: Այս փաստը լրագրողների ուշադրությունից չի վրիպել: Իսկ թե վարչապետի կողմից Հովհաննես Հովսեփյանն ինչու է նման «հատուկ» վերաբերմունքի արժանացել, կարծում ենք՝ առաջիկայում պարզ կդառնա:

Ի դեպ, կառավարության վերջին երեք նիստերին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցում: Նրա փոխարեն նիստերին ներկա է լինում տեղակալը` Վարդան Եղիազարյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Վլադիմիր Գասպարյանի չմասնակցելու պատճառների մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Որպես կանոն՝ ՀՀ ոստիկանապետը մասնակցում է, իսկ եթե ծառայողական անհրաժեշտությունից ելնելով չի կարող մասնակցել, նախապես իրազեկում է ՀՀ կառավարությանը»»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: