ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։

«Վաշինգտոնում Օբամայի վարչակազմի կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում է սկսել շփման գծում: Զոհվել է մի քանի անձ, այդ թվում՝ հայ երեխա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գրասենյակը հիշեցնում է, որ փոխնախագահ Ջո Բայդենն անձամբ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հաշվի չառնելով տարածաշրջանում նրա ագրեսիան ու Ադրբեջանում բռնաճնշումները, բացահայտորեն քաջալերելով նրա ռազմատենչ ակտիվությունը։ Ալիևին հարգալից ընդունել է նաև պետքարտուղար Ջոն Քերին:

«Օբամայի վարչակազմի ձախողումն է Վաշինգտոնում Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու փոխարեն Ալիևի համար կանաչ լույս վառելը՝ Ղարաբաղում այս հարձակումները սկսելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռներից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։