Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում այսօր հիանալի հանդես եկան Հայաստանի մարզիկները: «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանի 4 ըմբիշներից երկուսը արժանացան ոսկե մեդալի, իսկ մյուս երկուսը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: 46 կգ քաշային Սամվել Աղաջանյանը հաղթելով Թուրքիայի, Ֆրանսիայի և Հնդկաստանի ըմբիշներին՝ հռչակվեց Գիմնազիադայի չեմպիոն: Նրա հաջողությունը կրկնեց 50 կգ քաշային ՍամվելՀակոբյանը:

«Ծանր» Սամվելին հաջողվեց գետնել վրացի, հնդիկ և թուրք ըմբիշներին: 66 կգ քաշային, ախուրյանցի Հարություն Ալեքսանյանը մրցեց Ֆրանսիայի, Հնդկաստանի, Վրաստանի և Թուրքիայի ըմբիշների հետ, ու արժանացավ բրոնզե մեդալի: Ընդամենը մեկ պարտություն կրելով՝ Արսեն Սարգսյանը 84 կգ քաշային կարգում նույնպես արժանացավ բրոնզե մեդալի:

Ըմբշամարտի մարզադահլիճում գտնվող Հայաստանի մեծաքանակ պատվիրակությունը դեռ չէր հասցրել լիարժեք վայելել գրանցված հաջողությունը, երբ ուրախալի լուր ստացվեց նետաձգության մրցումներից: Արման Ապրեսյանը զուգակցելով ֆրանսուհի Մարի Լորյանի հետ՝ միջազգային խառը զույգերի պայքարում նվաճեց ոսկե մեդալ»,-YN.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը:

Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը սուսերամարտիկ Պարգև Ստեփանյանը նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ երեկ՝ մրցումների երկրորդ օրը, նրա հաջողությունը կրկնեց ճկասուսերակրուհի Սեդա Գևորգյանը: Չորս մեդալ էլ (2 արծաթե, 2 բրոնզե) երեկ նվաճել էին ազատ ոճի ըմբիշները:

Այսօր հաջող է հանդես եկել նաև մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը, ով մասնակցած երեք գործիքներից՝ օղակներ, նժույգ թափեր, ազատ վարժություններ երկուսում նվաճել է եզրափակչի ուղեգիր: Օղակների վարժությունում վաստակելով 13, 650 միավոր՝ բաժանել է 3-4-րդ տեղերը, իսկ նժույգ թափերում վաստակելով 12, 9 միավոր՝ գրավել է 6-րդ տեղը: