«Հայկական ժամանակ» թերթին ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի է դարձել, որ նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը:

Սույն համագումարի ժամանակ, ըստ նույն աղբյուրների, կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվելու՝ ԲՀԿ խորհրդի նախագահ: Այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի շուրջ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած սկանդալային իրադարձությունների ժամանակ լքեց կուսակցության նախագահի պաշտոնը: Ծառուկյանը, սակայն, ԲՀԿ-ից դուրս չեկավ:

Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ ԲՀԿ գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նոյեմբերյան համագումարի ժամանակ կրկին կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:

«ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ վերջին մի քանի ամիսներին ԲՀԿ-ն հող էր նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար: Երեկ էլ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարում էր, թե ժողովուրդն է պահանջում Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: