ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 8 և 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 38 տարեկան տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հոկտեմբերի 27-ին ստացվել է երկու տարբեր հաղորդում նույն քաղաքի երկու բնակչուհիների կողմից՝ իրենց անչափահաս աղջիկ երեխաների նկատմամբ հարևանի կողմից կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ։

Նույն օրը ՀՀ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է երկու քրեական գործ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխաների նկատմամբ անառակաբարո գործողությունները կատարվել են նույն անձի կողմից և որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում շարունակելու մասին։

8 և 10-ամյա երեխաները ճանաչվել են տուժողներ, իսկ նրանց մայրերը՝ տուժողի օրինական ներկայացուցիչներ և հարցաքննվել: Կասկածյալը, ով 38 տարեկան տղամարդ է՝ ամուսնացած, բարձրագույն կրթությամբ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին, ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ, օբյեկտիվ հետազոտումն ապահովովելու ուղղությամբ։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ հրապարակման ենթակա չէ որևէ այլ տվյալ, որը կարող է հանգեցնել երեխաների նույնացմանը՝ նրանց կրկնակի և երկրորդային զոհացումից խուսափելու նպատակով։