Հոկտեմբերի 2-ին կայացած Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղթահարելով անցողիկ շեմը ստացավ ավագանու անդամի 4 մանդատ, որոնցից մեկը կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանինն է:

Օրենքով, սակայն, պատգամավորի և ավագանու անդամի պաշտոններն անհամատեղելի են: Համաձայն ՀՀ Սահմանադրության (Հոդված 65) և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի (Հոդված 9.1)՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում շեշտվում է, որ համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում (Հոդված 21.6), իսկ այս դրույթին նախորդող հոդվածում մանրամասնվում է, որ համայնքի ավագանու անդամը պարտավոր է անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին (Հոդված 20.5):

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Գյումրու ավագանու 3 խմբակցության (ՀՎԿ, ԲՀԿ, ԳԱԼԱ) բոլոր անդամները հրաժարվել են մանդատ ստանալուց, իսկ ինքը՝ Մարգարյանը, որպես նաև ԱԺ պատգամավոր, լրացուցիչ դիմում է ներկայացրել ԱԺ և ԿԸՀ մանդատից հրաժարվելու մասին:

Մարգարյանը, խոսելով Գյումրու հետընտրական գործընթացից, ընդգծեց, որ ըստ ՀՀ ՏԻՄ օրենքի՝ Գյումրին այսօրվա դրությամբ քաղաքապետ չունի:

«Պարզ է, որ դաշինքի թեկնածուն պետք է փակ, գաղտնի ընտրությամբ ընտրվի քաղաքապետ, բայց ամսի 10-ին հռչակվել է Գյումրիի քաղաքապետ, առանց որևէ քվեարկության: Այս ամենի վերաբերյալ մենք դիմելու ենք սահմանադրական դատարան», - մանրամասնեց Մարգարյանը՝ հավելելով, որ նախաձեռնողները Գյումրու երեք ընդդիմադիր ուժերն են՝ ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն և ԳԱԼԱ-ն:

Հովհաննես Մարգարյանը մանրամասնեց նաև, որ փաստաթղթերը մշակման փուլում են և Սահմանադրական դատարան կդիմեն առաջիկա օրերին: