ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում կզետեղվի հեռախոսահամար (060 47-41-41), որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել իրենց հուզող ցանկացած հարցով կոմիտեի նախագահի օգնականին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ տեղի է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

Նա կարգադրել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել սպասարկման գրասենյակների առօրյա աշխատանքը, քաղաքացուն տալ սպառիչ և գոհացնող պարզաբանում:

Կոմիտեի նախագանը նաև հանձնարարել է ներկաներին ամենօրյա խիստ հսկողություն սահմանել քաղաքացիների պատշաճ սպասարկմանն առնչվող խնդիրների նկատմամբ, առանձնակի ուշադրություն դարձնել կոմիտեի թեժ գիծ դիմած քաղաքացիների բարձրացրած հարցերին, յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել սպասարկման գրասենյակների աշխատանքներին վերաբերող տեղեկատվություն և զեկուցել կատարված աշխատանքների արդյունքները: