«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխին, կարծես, սև ամպեր են կուտակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 2-ին հայտնել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող դատապարտյալների հետ փաստացի կազմակերպելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Վերջինիս անունը, ինչպես արդեն ներկայացրել ենք, տարիներ առաջ շոշափվել է նաև կոռուպցիոն գործարքներում: Նա թեև որպես վկա է գործով անցել, այնուամենայնիվ, դատապարտյալը, ումից հիմնարկի անձնակազմը գումար էր վերցրել, հաղորդում է տվել նաև Կարապետ Մկրտչյանի դեմ: Այս մասով ևս, մեր տեղեկություններով, ՀՔԾ-ում քննությունը շարունակվում է: Կարապետ Մկրտչյանը Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի՝ Աղվես Ավոյի որդին է:

Նախկին ոստիկանապետը ևս իր ժամանակին տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվել:

Եվ ահա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախօրեին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:

Ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության՝ Խաչիկը, կատարելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, նույն քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում թույլատրել է կազմակերպել քաղաքացիներ Ալլայի, Լուիզայի և Դիաննայի տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող 3 դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:

Դրանից հետո Խաչիկը իր կողմից վերը նշված անօրինական արարքը քողարկելու նպատակով «Տեսակցությունների սենյակ կանչվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման» մատյանում մտցրել է իրականությանը չհամապատասխանող գրառում այն մասին, թե, իբր, հիշյալ երեք աղջիկները տեսակցել են մեկ այլ դատապարտյալի:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը Խաչիկ Խաչատրյանի մասին է, ով նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել է «Էրեբունի» ՔԿ հիմնարկում: Նա կատարել է արդեն կալանքի տակ գտնվող Կարապետ Մկրտչյանի հրահանգները: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ երևույթին, Խաչատրյանի նկատմամբ կալանք կիրառելու որոշում չի կայացվի:

Նախկին շատ դատապարտյալներ «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում բացատրեցին, որ անազատության մեջ գտնվող այն անձինք, որոնց համար սահմանված տեսակցությունները սպառվում են, գումարի դիմաց ՔԿ հիմնարկի ղեկավարության համաձայնությամբ մեկ այլ դատապարտյալի կամ կալանավորի անունից, որոնք, որպես կանոն, այցելողներ չեն ունենում, տեսակցության դիմում են ներկայացնում: Այսպիսով՝ այն դատապարտյալը, որն այլևս ամսվա կտրվածքով տեսակցություն ունենալու հնարավորությունից զրկված է լինում, կարողանում է դրանից օգտվել այլ դատապարտյալի դիմումի շնորհիվ:

Եվ, ըստ երևույթին, այս ձևաչափից են օգտվել նաև այն դատապարտյալները, որոնց ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձինք մարմնավաճառներ են մատակարարել: Եվ այստեղ ինչ-որ բանում սույն պաշտոնյաները թերացել են: Թերևս, դրա պատճառներից մեկն էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանգամանքն է:

Եվ չի բացառվում, որ առաջիկայում այլ անուններ ևս հայտնվեն այս ցուցակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտյալներից ստացված հասույթից շատերն են օգտվում: Արդյո՞ք այս ամենի մասին չի իմացել ԴՀ պետ Արսեն Աֆրիկյանը, և արդյո՞ք վերջինիս թողտվությամբ չի նման ապօրինի գործունեություն ծավալվում ՔԿՀ-ում: Այս հարցերի պատասխաններն Աֆրիկյանից ստանալու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

Ի դեպ, անկառավարելի վիճակ է ոչ միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս արտակարգ դեպքեր են տեղի ունել «Արթիկ» ՔԿ հիմնարկում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ այստեղ պատիժ կրող Հովհաննես անունով մի դատապարտյալ, որին գիժ են ասում, ինքնավնասումներ է կատարել: Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքից օրեր առաջ դատապարտյալը ինչ-որ անձանց 12 մլն դրամ է պարտվել և սահմանված օրը չի կարողացել հավաքել պահանջված գումարը: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ հենց այս հանգամանքն էլ դատապարտյալին նման քայլի է դրդել: Դեպքից հետո դատապարտյալը կարցեր է տեղափոխվել: Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ նա Համալիրի մոտակայքում ծաղկի խանութ ունի:

Մեկ այլ դրվագով «Արթիկ» ՔԿՀ-ում նոյեմբերի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել: Կիզակետում եղել է արդեն տասը տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալ Հարութիկը, ում եղբայրը՝ Լյութոն, վերջերս է ազատ արձակվել նույն քրեակատարողականից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատապարտյալին այն աստիճան են ծեծել, որ նա անգամ խոսել չի կարողացել: «Արթիկ» ՔԿՀ-ում առաջացած աղմուկը հասել է անգամ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Վերջինս անձամբ այցելել է ՔԿՀ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Մեզ չհաջողվեց պարզել՝ ինչ է բացահայտել ՔԿՎ պետը, սակայն դեռևս չհաստատված տեղեկություններ կան, որ բազմաթիվ նկատողություններ են եղել: Ավելին՝ նշանակվել է ծառայողական քննություն:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում