ՀՀԿ-ում ստեղծվում է, այսպես ասած, Ավագների խորհուրդ, որը պետք է միավորի թոշակառու ՀՀԿ-ականներին: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ում ստեղծվում է, այսպես կոչված, «դուրսգրման» խորհուրդ, որտեղ իրենց թոշակառուի կարգավիճակը կվայելեն այն գործիչները, որոնք այս կամ այն պատճառով, բայց տարիքի առիթով դուրս կգան ակտիվ քաղաքականությունից: Նախատեսվում է, որ խորհրդում կընդգրկվեն 60-ն անց հանրապետականները:

Ամենահետաքրքրականներից մեկն այն է, թե խորհրդում ընդգրկվելու ինչ «շանսեր» ունի Հովիկ Աբրահամյանը: Աբրահամյանի հանգամանքը ուշագրավ է այն առումով, որ նա է ըստ էության «տարեց» հանրապետականների խորհրդանշական առաջնորդը: Ոչ այն պատճառով, որ տարեց է, թեև, իհարկե, արդեն վաղուց երիտասարդ էլ չէ: Պարզապես Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի, այսպես ասած, գործող մեծամասնության խորհրդանիշներից մեկն է՝ երևի թե ամենակարկառուն դեմքը Սերժ Սարգսյանից հետո: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ից ձևավորելու է «նոր ոգի», այսինքն՝ նոր մեծամասնություն, ապա Հովիկ Աբրահամյանն է արդեն դառնում, այսպես ասած, հին մեծամասնության անխոս առաջնորդը և խորհրդանիշը: Ընդ որում, վարչապետի պաշտոնից իր հրաժարականի ելույթում նա բավական թափանցիկ ձևով հենց դա էլ ընդգծում էր՝ հայտարարելով, որ իր նպատակն է եղել բոլորին միասնական պահելը, այսինքն՝ հին ու նոր չհակադրելը, այլ իրար միաձուլելը:

Սակայն Հովիկ Աբրահամյանը ստիպված էր հեռանալ, թեև վերջում հայտարարեց, որ շարունակելու է մնալ ակտիվ քաղաքականության մեջ: Սակայն առայսօր նրա կարգավիճակը անորոշ է, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր և Հովիկ Աբրահամյանի «միջև» ստեղծում է Կարեն Կարապետյանի նոր կուսակցական պաշտոնը՝ առաջին տեղակալ, որը բարձր է բոլորից, ցածր է միայն Սերժ Սարգսյանից: Դա բավարար չէր՝ ստեղծվում է նաև Ավագների, այսինքն՝ հեռացողների խորհուրդը՝ այսպիսով ակտիվ քաղաքականությունը նրանց համար փոխարինելով ակտիվ «բարոյական հաղթանակով»:

Այս ասպեկտում, իհարկե, Հովիկ Աբրահամյանի գործոնը դառնում է առանցքային, քանի որ ՀՀԿ-ում միայն նա դեռևս ունի տեսական հնարավորություն դիմադրելու այն հավակնություններին, որ կարող է ունենալ Սերժ Սարգսյանը՝ իր կամ Կարեն Կարապետյանի դեմքով: Ավելի շուտ՝ ոչ թե դիմադրելու, այլ կազմակերպելու այդ դիմադրությունը: Կամ նվազագույնը՝ հանդիսանալու դեմք, ումով կարող է որևէ մեկը կազմակերպել ներիշխանական կամ ներկուսակցական դիմադրություն և հերթական թավշյա հեղաշրջում:

Իհարկե, Աբրահամյանի դեմքով դա մեկ անգամ արդեն տեղի ունեցել է՝ 2014 թվականի ապրիլին, և փաստորեն անհաջողությամբ ավարտվել 2016-ի հոկտեմբերին, սակայն դրանից ի վեր իշխանության ներսում չի ձևավորվել նրան այլընտրանք դեմք:

Հովիկ Աբրահամյանի կուսակցական ճակատագիրն, իհարկե, զգալիորեն կախված է այն բանից, թե ինչպիսին կլինի Սերժ Սարգսյանի ճակատագիրը:

Մասնավորապես, եթե նա մնա վարչապետ, ապա Աբրահամյանին իսկապես կուղարկեն թոշակի, առավել ևս, որ 2018 թվականին կլրանա նրա 60-ը, ու նա կլինի Ավագների խորհրդի ենթակա: Իսկ եթե Սերժ Սարգսյանը ստիպված լինի թողնել վարչապետական հավակնությունը, ապա Հովիկ Աբրահամյանն այդ դեպքում կարող է նրա համար լինել ՀՀԿ-ում անհրաժեշտ դեմք, որի միջոցով նա կփորձի վերահսկողության տակ պահել և թույլ չտալ, որպեսզի անբեկանելի լինի Կարեն Կարապետյանի կուսակցական դիրքը: