Ինչպես սովորաբար տեղի է ունենում Հայաստանում, արտասահմանյան ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները արատավորում են իրենց մայր ձեռնարկության համբավը: Այս անգամ խոսքը գնում է ռուսական «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո գործող հայկական «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի մասին: Ինչպես մեզ հայտնի է դարձել «Ռոստելեկոմ» ընկերությունում առկա են լուրջ խնդիրներ հաճախորդների սպասարկման որակի հետ, ինչը դժգոհություն է առաջացնում քաղաքացիների մոտ:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն 2012թ.-ից գործում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո: Թվում է, թե ընկերությունը միանգամից կարողացավ նվաճել հայկական շուկայի կայուն հատված և առանց դժվարությունների շարունակում է իր աշխատանքը, սակայն Yelaket.am-ի հետ զրույցում դժգոհ քաղաքացին հավաստիացնում է, որ ընկերությունում լուրջ խնդիրներ են առկա հաճախորդների հետ աշխատելու հարցում, ինչպես նաև ծածկույթի հետ: Աշխատողները հաճախ անհարգալից են, անպատասխանատու են վերաբերում իրենց պարտականություններին: Բացի այս, ՀՀ-ումառկա կոռուպցիոն բարձր մակարդակը չի շրջանցել նաև այս ընկերությանը:

Քաղաքացու խոսքով աշխատակիցներն իրենց ցանկությամբ են «ընտրում», ում տրամադրել իրենց ծառայությունները, իսկ ում՝ ոչ: «Նրանք ստեղծում են արհեսատական խոչընդոտներ. մեկ ասում են Ձեզ ԱՁ վկայական է հարկավոր տվյալ ծառայությունից օգտվելու համար, մեկ էլ, երբ վկայականն արդեն կա, պարզվում է տվյալ հասցեում իրենք ծածկույթ չունեն: Դա այն դեպքում, որ նույն շենքի ուրիշ հարկում, որտեղ մարդիկ են, ովքեր «կապեր», կա «Ռոստելեկոմ»-ի կապ»,- պատմում է նա:
Ըստ նրա խոսքերի, բացի նշված խնդիրը, ինքն ու իր զանգերը օրեր ու շաբաթներ շարունակ արհամարվել են աշխատակիցների կողմից:

«Ինձ ասացին՝ Դուք մեզ մի զանգահարեք, երբ պատասխան կլինի մենք ձեզ կտեղեկացնենք: Եվ դա տևում էր մոտ մեկ ամիս: Ես անգամ նամակ եմ գրել նրանց, որից հետո նոր զանգահարել են ու ներողություն խնդրել: Բայց սա ի՞նչ վերաբերմունք է... եթե չեն կարողանում ծառայություն ապահովեն, թող այդպես էլ ասեն, ոչ թե մարդուն շաբաթներ շարունակ մատների վրա խաղացնեն: Այդքան քաշքշուկից հետո ինձ պատասխանեցին, որ մեր շենքում ծածկույթ չունեն, այն դեպքում, որ ես գիտեմ մարդկանց ովքեր ունեն: Չափազանց վրդովված եմ... ես նրանց ասացի՝ և դուք ռուսական ընկերություն եք ներկայացնո՞ւմ: Ռուսաստանում նման սպասարկման համար նրանց կհեռացնեին աշխատանքից»:

Չբացահայտելով մեր աղբյուրը, նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի կենտրոնական հատվածի շենքերից մեկում, իսկ պատասխանել են գլխավոր գրասենյակից։
Նշենք նաև, որ ըստ վերջերս շրջանառվող լուրերի, Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմ»-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծում: