Նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության ականատես թուրք լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին պատմել է դեպքի մանրամասները:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Կառլովը վիրավորվել էր պատկերասրահում ելույթ ունենալիս, որտեղ անցկացվելիս է եղել «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը:

Լուսանկարիչը նշել է, որ ցուցադրության մասին նա իմացել է շատ պատահական՝ ընկերներից մեկից, և որոշել է այցելել, քանի որ ցուցասրահն իր տանը մոտ է գտնվել:

«Չգիտեի, որ դեսպանն այնտեղ է լինելու: Ժամանակակից արվեստի կենտրոնի երրորդ հարկ բարձրացա, միջոցառումն արդեն սկսված էր: Երբ տեսա, որ դեսպանն է խոսում, 1.5-2 մետր մոտեցա և լուսանկարեցի, որպեսզի արխիվումս ունենամ, հետո նորից տեղս վերադարձա: Սրահում մոտ 50-60 հոգի կար: Ես էլ իմ ընկեր գրող Յաշար Սեյմանին բարևեցի: Այդ ընթացքում այդ մարդը (նկատի ունի մարդասպանին) հանգիստ կանգնած էր դեսպանի ետևում»,- ասել է լրագրողը՝ նշելով, որ սկզբում, երբ երիտասարդ ոստիկանը հանել է զենքը, լուսանկարիչը չի հասկացել, թե ինչ է կատարվում, և կարծել է, թե դա բեմադրություն է:

«Լսեցի զենքի ձայնը: Միայն մի քանի վայրկյան անց կարողացա հասկանալ, թե ինչ է կատարվում: Դեսպանը գետնին ընկավ և անշարժ պառկած էր: Մեր միջև 5-6 մետր հեռավորություն կար: Գետնի վրա արյուն նկատեցի: Նկատեցի, որ դեսպանին կրակելիս նա այլ մարդկանց էլ վիրավորեց», - մանրամասնել է Օզբիլիջին ու նշել, որ ինքն իրենից չէր սպասում, որ կարող է այդպես սառնարյունություն դրսևորել նման իրավիճակում: Նա պատմել է, որ չնայած վախեցած լինելուն՝ կարողացել է սողոսկել մի անկյուն ու շարունակել լուսանկարել:
Реклама 29

«Այնուհետև սրահի երկու կողմից 10-12 մետր հեռավորության վրա գտնվող աստիճաններից սկսեցինք իջնել: Նա շարունակում էր գոռալով ինչ-որ բաներ ասել: Գետնին պառկած դեսպանին նորից կրակեց: Արվեստի կենտրոնի անվտանգության աշխատակիցները եկան: Ասացինք, որ նա զենք ունի ձեռքին: Այդ ընթացքում եկան շտապօգնության մեքենաները: Շատ արագ եկան, բայց չկարողացան բարձրանալ, քանի որ այդ մարդը ներսում էր: Հետո ոստիկանությունը եկավ», - պատմել է լուսանկարիչը: