«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչի վրա է կառուցված նրանց վարկանիշը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնում թերևս նաև այն հանգամանքով, որ քաղաքական դաշտում ընդգծված լիդերներ չկան: Բայցևայնպես կան առնվազն երկու գործիչներ, ովքեր հասարակության շրջանում ունեն որոշակի դրական վարկանիշ:

Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, այդ գործիչներն են վարչապետ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը: Իսկ թե նրանց վարկանիշն ինչի վրա է կառուցված, և որոնք են նրանց ուժեղ և թույլ կողմերը, կփորձենք պարզել ստորև:

Կարեն Կարապետյան

Վարչապետի` որպես համեմատաբար նոր գործչի կերպարը որոշակի հույսեր է ներշնչում: Նրա նկատմամբ վստահության պաշար կա հասարակության հատկապես այն հատվածի մոտ, որի կրթական ցենզը միջինից բարձր է և որը երկրի ապագան կապում է ինտելեկտի, տեխնոլոգիական զարգացման հետ: Վարչապետի վարկանիշը բավականին բարձր է նաև բիզնես դասի շրջանում: «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն զգում են, որ վարչապետն իրենց մտածելակերպի մարդ է: Եվ խնդիրների լուծումը տեսնում է հենց բիզնեսի պրիզմայի միջով»,– կարծում է քաղտեխնոլոգը: Բացի այդ, Կ. Կարապետյանը փորձում է ձևավորել նոր մտածողություն: Տարիներ շարունակ շարքային քաղաքացուց մինչև պետական պաշտոնյա առաջնորդվել ենք բարեգործություն, նվիրատվություն ստացողի հոգեբանությամբ` մի տեղից մի բան ստանանք ապրենք, այս, այն երկիրը մի բան տա, յոլա գնանք: Այսօր վարչապետն առաջարկում է ընթանալ ոչ թե բարեգործություն ակնկալելու, այլ ինքնուրույն ստեղծելու, կառուցելու ճանապարհով: Այս առումով վարչապետ դառնալուց հետո նա երկու հիմնական գործառույթ է կատարում`սանիտարական` մաքրում է դաշտը թե՛ կադրային, թե՛ ուռճացված համակարգից ազատվելու առումով, երկրորդ` կատարում է մոտիվատորի դեր. պետք է ներդրումներ բերել, պետք է բիզնես ծրագրեր ներկայացնել և այլն: Բացի այս, նրա անվան հետ են կապվում որոշակի ռեֆորմներ: Ընդ որում, իշխանական վերին օղակներից օդիոզ դեմքերի դուրսմղումը նույնպես պայմանավորվում են նրանով: Այս ամենն, անշուշտ, դրական է ազդում նրա վարկանիշի վրա: Այնուհանդերձ, վարչապետի կերպարն անխոցելի չէ: Ըստ քաղտեխնոլոգի` նրա վարկանիշի վրա բացասաբար է ազդել հանրապետականացումը, ինչը թերևս եղել է պարտադրված քայլ: Մյուս բացասական գործոնը: Քանի որ երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բավականին ծանր է, մարդիկ օր առաջ արդյունքներ են ակնկալում: Եթե առաջիկա 1–2 ամսում երևացող արդյունքներ չլինեն, իսկ դա հիմնականում վերաբերում է ներդրումներին, ապա այդ հանգամանքը բացասաբար կազդի նրա վարկանիշի վրա:

Գագիկ Ծառուկյան

Լինելով մեծահարուստ` Գագիկ Ծառուկյանի կարգախոսները միշտ եղել են սոցիալական, նույնիսկ սոցիալիստական: «Եթե Հայաստանում լիներ նորմալ կոմունիստական կուսակցություն, կասեի, որ Ծառուկյանն այդ կուսակցության ընտրազանգվածին է դեպի իրեն գրավում»,– նշում է Վ. Հակոբյանը: Սակայն Ծառուկյանն ընտրել է ճիշտ մարտավարություն: Մի երկրում, որտեղ պաշտոնական վիճակագրությունն անգամ փաստում է, որ սոցիալ–տնտեսական վիճակը ծանր է, բնական է, որ գոյություն ունի բողոքական մի զանգված, որը դեմ է իշխանություններին, ընդ որում, այնպիսի իշխանությունների, որը տասնամյակներ շարունակ միայն հիասթափեցրել է: Աղքատ երկրում դասական առումով ընտրություններ անցկացնելը, այսինքն` գաղափարների, ծրագրերի շուրջ պայքարելը, ինչ–որ առումով դատապարտված է: Սոցիալապես անապահով, նույնիսկ կարելի է ասել լյումպենացված զանգվածի մոտ գործում է միանգամայն այլ տրամաբանություն, որը շատ դեպքերում իռացիոնալ է: Եվ նրանք գնում են այն ուժի հետևից, որը կարող է տապալել այդ իշխանություններին: Ուշագրավ է, որ սոցիալապես անապահով խավին Ծառուկյանի գործունեության մեջ առավել հետաքրքրում են նրա բարեգործությունները: «Բոլորը ենթագիտակցաբար հույս ունեն, որ կարող են ճիշտ ժամին հայտնվել ճիշտ տեղում, ստանալ բարեգործության իրենց մասնաբաժինը»,– համարում է քաղտեխնոլոգը: Իսկ քանի որ Հայաստանում, ցավոք, այս խավը միայն շատանում է, ուստի ընտրազանգվածի պակաս Ծառուկյանը չի ունենա: Բայցևայնպես, որոշ հանգամանքներ կարող են բացասաբար ազդել նրա վարկանիշի վրա: Առաջին` նա նոր գործիչ չէ և ունի քաղաքական որոշակի բացասական հետագիծ: Իր քաղաքական էվոլյուցիայի ճանապարհին նա իշխանության երկրորդ բևեռից վերածվեց իշխանափոխություն պահանջող գործչի, ինչ–որ առումով հեղափոխական տրիբունի: Այս լոզունգների շնորհիվ նա կարողացավ իր շուրջ համախմբել բավականին ստվար ընտրազանգված:

Քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարության մեջ նա պարզաբանեց, որ 2015–ի փետրվարին հեռացել էր արյունահեղությունից խուսափելու համար: Սա ակնհայտ ակնարկ է առ այն, որ այսուհետ հեղափոխական տրամադրություններ չի ունենալու: Այս հանգամանքը կարող է ինչ–որ չափով հիասթափեցնել արմատական տրամադրություն ունեցող ընտրազանգվածին: Մյուս բացասական հանգամանքն այն է, որ նրա վերադարձը կապվում է իշխանության հետ: «Բայց ես համարում եմ, որ խաղի կանոններ են համաձայնեցվել»,– նշում է Վ. Հակոբյանը: Թե այս երկու գործիչներն ինչպես կընկալվեն և կընդունվեն հասարակության կողմից, ցույց կտան, թերևս, ընտրության արդյունքները:

 

Մանրամասները՝թերթի այսօրվա համարում: