Հունվարի 28-ին Երևանի Մուրացան հիվանդանոցում Արմավիրի ԲԿ-ից տեղափոխված 2 օրական նորածին է մահացել՝ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչներ՝ Իսա Իսայանի ու Նարինե Բրոյանի առաջնեկը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մահացած նորածնի պապիկը՝ Ռուստամ Իսայանը:

Նրա խոսքով՝ ծննդաբերությունը տեղի է ունեցել վակուումի միջամտությամբ, երեխան ծնվել է 3 կգ քաշով և ժամանակին. «Խնդիրներ են եղել, վերջին պահին կեսարյան հատման չեն դիմել, ասել են՝ արդեն ուշ է, չեն էլ առաջարկել կեսարյան հատում անել, ինչի հետևանքով երեխան վատացել է, պտղաջրեր է խմել: Ծննդաբերելուց հետո՝ երկու օր անց ասացին, որ լավ է երեխան, երրորդ օրն ասացին, որ վատ է և ուղարկեցին Երևան, որտեղ էլ երեխան մահացավ»:

Ռուստան Իսայանը պատմեց, որ երեխայի ծնվելու երկրորդ օրը Արմավիրի հիվանդանոցից ասել են, որ կեր տանի երեխային, սակայն Երևանում բժիշկներն ասել են, որ երեխայի ստամոքսում պտղաջուր կա, մաքրելուց հետո նոր պետք է կերակրել երեխային:

«Արմավիրից բժիշկն արդեն իր ձևով ամեն ինչ գրել է, որ երեխան ծնվել է թոքաբորբով, սրտի արատով, մինչև ծնվելն ամեն ինչ նորմալ էր, իսկ ծնվելուց հետո նման բաներ գրեցին»,- ասաց Ռուստամ Իսայանը:

Վերջինիս խոսքով՝ 80 ամյա բժիշկը ծնունդներ չպետք է ընդունի. .«80 տարեկան բժիշկն ի՞նչ իրավունք ունի ծնունդ ընդունելու: Նշան Գևորգյանը Արմավիրի ծննդատան բժիշկն է: Ես այլ բան չեմ կարող ասել, պիտի նրան հեռացնեն»:

Իսայանն ասաց, որ եթե անգամ դատարան էլ դիմի, միևնույն է, արդեն գրել և ձևակերպել են:
Բեթղեհեմ Արաբյան