Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին և սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին՝ կազատվի աշխատանքից։ Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Ավան համայնքները:

Ի դեպ, հենց այս համայնքներում գրանցած հաջողությունից է կախված՝ կկարողանա՞ Միհրան Պողոսյանը հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին, թե՞ ոչ։ Այդ իսկ պատճառով էլ ընտրությունից դեռևս երկու ամիս առաջ սկսվել է ընտրողներին ահաբեկելու գործընթացը։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնից ազատվեց հայտնի օֆշորային սկանդալի պատճառով։ Երբ հայտնի դարձավ, որ Պողոսյանը օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների։ Ի դեպ, Պանամայի օֆշորներում Միհրան Պողոսյանը միակ հայ պաշտոնյան էր, որ բիզնես-գործունեություն էր ծավալում։ Նրա հետ օֆշորային այդ գոտում բիզնես-գործունեություն էր ծավալում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը։ Հենց այս փաստն էլ վկայակոչելով՝ Միհրան Պողոսյանը հրաժարական էր տվել՝ նշելով. ցավում է, որ իր անունը կապվում է Ալիևների ընտանիքի հետ։