Չդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները ողջ գիշեր «անձնազոհաբար», առանց դադարի իրականացրել են ձնամաքրման աշխատանքներ, որպեսզի Երևանի բնակիչները կարողանան ապահովել տեղաշարժվելու երթևեկել:
Գրեթե այսպիսին է Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված տեղեկությունն ու լուսանկարները «Սանիթեք»-ի աշխատանքի մասին: Կարծես Երևանում միայն իրենք են և մյուս բնակիչները չեն տեսնում իրական պատկերը:
«Հենց ձյուն է տեղում, անգամ կանգառ հասնելն է դժվար դառնում: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ ձնամաքրում: Հա ճիշտ է ձյունը մաքրվում է, բայց գարնանը՝ արևի ճառագայթների շնորհիվ, «Սանիթեք»-ն այստեղ կապ չունի: Մեզ մոտ ձյունն այնքան է մնում, որ դառնում է սառույցի հաստ շերտ: Դա մաքրելն արդեն շատ բարդ է: Մեր թաղամասում քայլելիս Տիտանիկին կործանած այսբերգն էլ կարելի է հանդիպել»,- մեզ հետ զրույցում ասում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակչուհին:
Սոցիալական ցանցերում այս մասին տեսանյութերն ու տեղեկություններն շատ են: Դրանցից մեկն էլ ֆեյսբուքյան օգտագերի հրապարակած այս տեսանյութն է:

Տեսանյութում երևում է, որ ոչ միայն հետիոտների տեղաշարժն է դժվար, այլ նաև մեքենաների համար է ստեղծվում վտանգավոր դրություն:
Բայց դե Տարոն Մարգարյանը պնդում է, որ իրենք ամբողջ գիշեր աշխատել են...


Քանի որ խոսեցինք Էրեբունի վարչական շրջանից, հիշենք նաև, որ նախորդ տարի, երբ քաղաքապետը բարկացել էր «Սանիթեքի» վրա, այս թաղամասը առավել խիստ նկատողություն ստացավ: Այն ժամանակ Էրեբունիում դեռևս վարչական շրջանի սանմաքրման ձեռնարկությունն է այդ աշխատանքներն իրականացնողը, իսկ այժմ՝ «Սանիթեքը»: Փաստենք, որ պատկերը շատ չի փոխվել:

Սոցիալական ցանցերում նաև քիչ չեն ավտովթարներն ապացուցող լուսանկարները: Եվ, օ՜ զարմանք, քաղաքացիները մեղադրում են պարոն Տարոնին:

Եվ վերջում, ևս մեկ փաստ, որն ապացուցում է՝ քաղաքապետարանում ինչ-որ ուժեղ զգայախաբություն առաջացնող միջոցներ են օգտագործում: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը վերջերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Սանիթեք»­ը լիարժեք է կատարել իր առջև դրված պարտավորությունները: