Yelaket.am-ը գրում է.

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող անձանց թիվը շատանում է: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, ըստ ամենայնի, ևս ցանկություն ունի մասնակցելու 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին:

Արման Սահակյանը համարվում է արդի քաղաքական էլիտայի վառ ներկայացուցիչներից մեկը: Արձանագրենք մի քանի փաստ հանրապետության 2-րդ դեմքի որդու մասին:
Ուշագրավ է, որ 42-ամյա Արման Սահակյանը ավարտել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադային բաժինը: Դեռևս 1994թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել քեռուն՝ Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան մարզահամալիր»-ում: Աշխատել է անգամ «Դար 21»-ում: Նրա «ստեղծագործական կարիերան» շարունակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես տնօրենի տեղակալ։ Քաղաքական գործունեության ընթացքում եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, իսկ 2007թ.-ին առաջին անգամ դարձել է պատգամավոր: Որքան հետաքրքրական է նրա «արտիստի» կրթություն ունենալը, այդքան էլ սովորական՝ ՀՀԿ-ական լինելու փաստը:

Ուսումնասիրենք նաև նրա ֆինանսական միջոցները: Ըստ 2015թ.-ի նրա կողմից ներկայացված հայտարարագրի, Արման Սահակյանի դրամական միջոցները կազմում են մոտ 152 մլն դրամ, իսկ տվյալ տարում նրա ստացված եկամուտը կազմում է մոտ 62 մլն դրամ, որը ձևավորվել է աշխատավարձից, շահաբաժիններից, վարձակալության վճարներից: Նրա կնոջ՝ Սեդա Հակոբյանի, դրամական միջոցները 2016թ.-ին կազմել են մոտ 25 մլն դրամ: Բնականաբար, նման հարստություն անհնար է կուտակել պետական աշխատավարձի հաշվին:


Արման Սահակյանը, ով մշտապես կմնա հոր և քեռու «փառքի» շվաքի տակ, այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, ինչպես փոփոխական քամի: Դեռ 90-ականներին, երբ Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հնարավորություններն անսպառ էին, նա քեռու «սիրելին» էր, իսկ այժմ, երբ նախկին հաջողակ բիզնեսմենը կանգնած է սնանկության վտանգի առջև, Արմանը որոշեց վերադառնա՞լ «հայրիկի խորհրդարան»: Աշոտ Աղաբաբյանի և նրա հարաբերությունների ջերմությունը գաղտնիք չէ: Մինչև անգամ այն, որ երիտասարդ Արմանին «առաջին քայլերն» անելիս ավելի շատ օգնել է քեռին, ոչ թե հայրիկը:

Ի դեպ, երբ նա դեռ «Արդինի» ստուդիայի տնօրենն էր, խոսակցություններ էին շրջանառվում, նրա «մաչոյական» պահվածքի մասին: Ասում էին, թե նա շատ էր սիրում երիտասարդ երգչուհիների հետ ժամանակ անցկացնել (գրում է Shame. am կայքը):

 

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=13357&l=am