Լեհ լրագրող Թոմաս Մացեյչուկի նկատառմամբ՝ Եվրոպայում ապրողները ոչինչ չգիտեն Ղարաբաղի և հայերի ու ադրբեջանցիների միջև եղած պատերազմի մասին․ երիտասարդ եվրոպացիները կոնֆլիկտի մասին պատմության դասերին չեն անցնում:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե իրենցից որևէ մեկը ցանկանում է Արցախյան հակամարտության պատմությունն իմանալ, պետք է ինքնուրույն ուսումնասիրի այն՝ փնտրելով տեղեկատվություն համացանցից, կարդալով գրքեր և հոդվածներ այդ մասին:

«Ես անցել եմ այդ ճանապարհը, հիմա որոշել եմ գնալ Ստեփանակերտ և Արցախի այլ քաղաքներ, որպեսզի սեփական աչքերով տեսնեմ իրավիճակը և անձամբ շփվեմ տեղի բնակիչների հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ լրատվամիջոցներով տարածվեց լեհ լրագրողի գրառումն այն մասին, որ ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ է ստանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշման համար։

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար ԼՂ հակամարտությունը կարևոր է, քանի որ այն նա համարում է եվրոպական և մուսուլմանական աշխարհների հակասության մաս:

«30 տարիների ընթացքում մուսուլմանները շատ քայլեր են ձեռնարկել Եվրոպան իսլամացնելու ուղղությամբ: Այսօրվա իրավիճակը սպառնում է եվրոպական երկրների անվտանգությանն ու ինքնության պահպանմանը: Եթե խնդիրը դիտարկում ենք դեմոգրաֆիական տեսանկյունից, գալիս ենք եզրահանգման, որ կարող է ավելի վատ իրավիճակ ստեղծվել»,- ասաց նա:

Լեհ լրագրողի խոսքով՝ հայերը պետք է ունենան իրենց պետությունը, իրենց կառավարությունը և ամենակարևորը՝ իրենց զինված ուժերը, որոնք կարող են պաշտպանել իրենց ազգը, մշակույթը, ազատությունը և իրենց շահերը:

«Իմ ֆիլմում ցանկանում եմ ցույց տալ հակամարտության պատմությունն ու պատճառները, ուզում եմ ցույց տալ, թե ինչպես են մարդիկ ապրում Արցախում, ինչ են նրանք մտածում, որոնք են նրանց նպատակներն ու երազանքները: Կցանկանայի, որ Արցախի ձայնը լսելի դառնա Եվրոպայում, որպեսզի եվրոպացիները լսեն և հասկանան այդ տարածաշրջանի բնակիչներին»,- ասաց Թոմաս Մացեյչուկը:

Լեհ լրագրողը նկատեց, որ Թուրքիան երազում է իրեն վերադարձնել կայսրության կարգավիճակը, երազում է դառնալ գերտերություն:

«Արդեն այսօր Անկարան կարող է պարծենալ իր ուժեղ տնտեսությամբ և աշխարհի ամենահզոր բանակն ունենալու փաստով: Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ շուտով Անկարան չի առաջնորդվելու պանթուրքիզմի սկզբունքներով: Պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիան Բուլղարիայից և Հունաստանից մինչև Կասպից ծով, և գուցե ավելի հեռու: Ռեսուրսներ կան՝ մեծ քանակությամբ բնակչություն, հնարավորություն դեպի հյուսիս ընդլայնվելու՝ Կովկասի միջոցով Ղրիմի կողմ և հարավ՝ Սիրիայի և Իրաքի ուղղությամբ: Թուրքական այդ երազանքի դեմ կարող են կանգնել Հայաստանը և հայ ժողովուրդը, նրանք խոչընդոտ են համարվում, և ցանկացած պահի կարող են ոչնչացվել ադրբեջանցիների և թուրքերի կողմից: Արդեն մեկ անգամ նրանք դա փորձել են: Դրանից պետք է եզրակացություն անել և սովորել սխալների և սեփական ժողովրդի ողբերգությունների վրա, հակառակ դեպքում դրանք կարող են կրկնվել»,- ասաց նա:

Խոսելով իր՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշման և երկիրը նկարահանելու ցանկության դեմ ադրբեջանցիների սպառնալիքների մասին՝ նա ասաց․ «Իսկապես ես սպառնալիքներ եմ ստացել ադրբեջանական կողմից, բայց ես վախկոտ մարդ չեմ: Ես ունեմ իմ սեփական սկզբունքները և հայացքները, որոնք կարող եմ պաշտպանել ցանկացած իրավիճակում: Նրանց չի հաջողվի ինձ վախեցնել: Կասեմ ավելին՝ ցանկացած սպառնալիք և ցանկացած վիրավորանք ինձ տալիս է ավելի շատ մոտիվացիա, որ գնամ Արցախ և նկարահանեմ իմ ֆիլմը»:

Հարցին՝ չի՞ մտափոխվել, պատրաստվո՞ւմ է ֆիլմը նկարահանել, Թոմաս Մացեյչուկը պատասխանեց. «Փետրվարի վերջին գալիս եմ Հայաստան ռուս լրագրող Մաքսիմ Վագանովի հետ: Ավելի շատ տեղեկատվություն ֆիլմի մասին կտեսնեք թրեյլերում, որը կհրապարակենք մոտ ապագայում»: