«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ընդդիմադիր ուժերի հռետորաբանությունից նկատելի է, որ այսօր պայքար է գնում ոչ միայն խորհրդարան մտնելու, այլև թիվ մեկ ընդդիմություն լինելու տիտղոսի համար: Ազատության հրապարակում կայացած ՕՐՕ–ի հանրահավաքից պարզ դարձավ, որ հենց ՕՐՕ–ն է հավակնում գլխավորել հետընտրական բողոքի ալիքը:

«…Մենք տեր ենք կանգնելու մեր ժառանգությանը և ժողովրդի հետ համախմբված գնալու ենք դեպի հաղթանակներ, և զգալու ենք այդ հաղթանակի բերկրանքը»,– Ազատության հրապարակում հայտարարեց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ավելի ուշ լրագրողներին հայտարարելով, թե ժողովուրդը կհուշի՝ ինչ ձևով կառաջնորդեն հետընտրական պայքարը: Այն, որ հետընտրական բողոք է լինելու, արդեն իսկ տեսանելի է, քանի որ իշխանությունը որևէ կերպ չի փոխել ընտրությունների անցկացման մարտավարությունը՝ լինի դա ընտրակաշառք խոստանալ, թե վարչական ռեսուրս օգտագործել: Այլ հարց է՝ արդյոք Հայաստանի կեղծ ու անկեղծ ընդդիմադիր ուժերը կզիջե՞ն «գլխավոր ընդդիմադիրի» տիտղոսը ՕՐՕ–ին. մի ուժի, որի ղեկավարներից երկուսը՝ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը ոչ վաղ անցյալում կառավարության ներկայացուցիչ էին: «Մինչև ՕՐՕ–ի երկու «Օ–երը» չանցնեն այն ճանապարհով, ինչով մեր կուսակցությունն անցավ ՝ բազմաթիվ զրկանքներ, քաղբանտարկյալներ, շատ ու շատ խոչընդոտներ քաղաքական պայքարի ճանապարհին… թող դրանցով անցնեն, հետո նոր որոշենք՝ հավատա՞նք, թե՞ չհավատանք:

«Երեկ իշխանություն, էսօր՝ ընդդիմություն», ես այդպիսի կարգավիճակի չեմ հավատում»,– «Փաստի» հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը: «Ելք» դաշինքի անդամ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանը «Փաստի» հարցին ի պատասխան ասաց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է ունենալ «թիվ մեկ ընդդիմադիր» դառնալու հավակնություն. «Ապրիլի 2–ը ցույց կտա, թե որն է թիվ մեկ ընդդիմադիր ուժը և որն ինչ հավակնություններ ունի»,– ասաց Արայիկ Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Հետընտրական պրոցեսների մասին մենք էլ ենք խոսել, մենք շատ ենք խոսել թավշյա հեղափոխության մասին, և եթե ընտրությունները լինեն էնպիսին, որոնք բավարար ապացույցներ կտան, որ էդ ընտրութունները կեղծվել են, ապա մենք էլ պատրաստ ենք հետընտրական գործընթացների: Սակայն մեր նպատակն է ապրիլի 2–ին ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան ֆիքսել ժողովրդի կամարտահայտությունը»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, թե պատրաստ են զիջել թիվ մեկ ընդդիմադիրի տիտղոսը ՕՐՕ–ին, եթե իրենք դառնան իշխանություն: ««Ելք» դաշինքը չի ստեղծվել, որ լինենք ընդդիմություն, «Ելք» դաշինքը ստեղծվել է, որ իշխանություն լինի: Ապրիլի 2–ից հետո մենք լինելու ենք իշխանություն Հայաստանում, ՕՐՕ դաշինքը, ՀՀԿ–ն, մյուս ընդդիմադիր ուժերը կարող են լինել ընդդիմություն Հայաստանում, որևէ խնդիր չեմ տեսնում»,– ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ «Ելք»–ը ևս պատրաստվում է հետընտրական պրոցեսների. «Եթե «Ելք» դաշինքից մի ձայն գողացվեց կամ «Ելք» դաշինքից որևէ վստահված անձի մի մազ պակասեց, էնպիսի հետընտրական պրոցեսներ կսկսենք, որ որևէ քաղաքական ուժ կյանքում չի տեսել»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: