Դպրոցի տնօրենները կուսակցականներ են, ուրեմն ունեն նաեւ իրենց կուսակցության առջեւ պարտականություն: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոփխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով սկանդալային ձայնագրություններին, որտեղ 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ներկայացնում են, որ ցուցակագրումներ են իրականացրել ՀՀԿ-ի օգտին եւ դրանք փոխանցել մարզպետարաններ ու քաղաքապետարաններ:

Նրա խոսքով, որեւէ մեկը չի ապացուցել, որ դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները մարդկանց ցուցակագրել են աշխատանքի ժամին. «Սա նշանակում է, որ աշխատանքից դուրս յուրաքանչյուր դպրոցի տնօրեն նույնպիսի քաղաքացի է, ինչպես յուրաքանչյուրս եւ իրավունք ունի ունենալ իր քաղաքական ճաշակը: Եթե այդ դպրոցների տնօրենները կուսակցականներ են, ուրեմն ունեն նաեւ իրենց կուսակցության առջեւ պարտականություն: Այսինքն՝ աջակցել իր կուսակցության առավել մեծ հաջողությանը»:

Նաղդալյանը նշեց, որ բոլորն էլ այս օրերին զբաղված են եղել իրենց համակիրների թիվն ավելացնելով. «Նույն բանը ես էլ եմ արել, մյուսներն էլ են արել: Ինչ վերաբերում է զանգերին, դա որեւէ կերպ չի ապացուցվել եւ այդ զանգերից չի բխում, որ այդ աշխատանքը կատարվել է: Մնացածն ընդամենը խոսակցություններ են եւ ոչինչ ապացուցված չէ, իսկ քանի դեռ դա ապացուցված չէ, որեւէ մեկն իրավունք չունի քամահրանքով, վիրավորանքով կամ հանցագործության տարրերով այդ մարդկանց մեղադրել, քանի որ դա կարող է անել միայն դատարանը»:

Այսօր ոչ մեկի ստիպողաբար չենք բերել այստեղ: Դրա կարիքը չկա: Այստեղ բազմամարդ է ինչպես տեսնում եք: Եթե իրավունք ունեցող երիտասարդներն իրենց կամքով այստեղ, որեւէ մեկն իրավունք չունի նրանց արգելել: Ոչ ոքին դասից չեն հանել եւ ստիպողաբար չեն բերել այստեղ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածել էր 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ ձայնագրություններ, որտեղ նրանք ներկայացնում են, թե ինչպես են ցուցակագրում ընտրողներին իշխող կուսակցության համար եւ ցուցակները ներկայացնում մարզպետարաններ ու քաղաքապետարաններ: