Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 74 ZI 777 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրանցքը. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: