Տավուշի մարզկենտրոն Իջեւանով անցնող Մ4 միջպետական ճանապարհը փակվել է բնակիչների կողմից ի նշան բողոքի: Այս մասին հայտնում է «Հետք»-ը:
Ինչպես պատմել է Աչաջուր գյուղի բնակիչ Սեւադա Ղուկասյանը, ով նույնպես բողոքի ակցիայի մասնակիցներից է, դժգոհության առիթ է հանդիսանում երկու հանգամանք՝ մարզի անբարեկարգ ճանապարհներն ու համայնքում փողոցային առեւտուրն արգելելու՝ Իջեւանի քաղաքային իշխանությունների կողմից կայացրած որոշումը:
Տավուշի մարզով անցնող Մ4 միջպետական ճանապարհի ասֆալտի շերտը քայքայված է, եւ վարորդները ֆինանսական մեծ վնասներ են կրում: Զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզ բավականին նվազել է՝ պայմանավորված հենց այդ հանգամանքով:
Այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց չափազանց դանդաղ: Բացի այդ, ճանապարհները որոշ տեղերում, օրինակ՝ Հաղարծին գյուղի հատվածում, այն աստիճան հին ու քայքայված են, որ կարկատաններն էլ խնդիրը չեն լուծում:
Սեւադա Ղուկասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ վերջերս մի քանի վթարներ են եղել՝ պայմանավորված ճանապարհների փոսերով:
Քաղաքացիների պահանջն է՝ խնդիրների լուծում կոնկրետ ժամկետներում: «Սահմանի բերանին ապրող ժողովուրդ են, գնում են, սարերից տանջանքով ծնեբեկ ու սինդրուկ կամ իրենց այգու կանաչին բերում են վաճառելու, արգելել են: Էս ժողովրդին այլընտրանք, քան երկրից գնալը, չկա: Պետք է հնարավորություն տալ: Դա ժողովրդի գոյատեւման նախապայման է», – ասել է Ղուկասյանը: