Hraparak.am-ը գրում է.

Ամեն մի օլիգարխի դստեր կամ որդու հարսանիքից հետո համոզվում եմ, որ մենք ու նրանք լրիվ ուրիշ աշխարհից ենք։

Ես և նա-ի տարբերության անդունդը, երբ մեծ է լինում, շա՜տ մեծ, այն էլ մեր մնան աղքատ երկրում, հանրությանը ավելորդ անգամ չպետք է հիշեցնել ՝ տե՜ս է ինչ հարսանիք է, հաջողացրած լուսանկարները մեկիկ- մեկիկ խոթել «աչքներս»։

Կարծում եմ երկու կողմի համար էլ՝ ոչ աղքատության մեջ գտնվող հանրության և ոչ էլ ոսկու մեջ լողացող հարուստների համար դա ձեռնտու չէ։ Ու՞մ եք զարմացնում ձեր հարստությամբ, հարսանիքի ճոխությամբ կամ անգին քարերով զարդարված «փրփուր շորերով»։

Մարդկային արժանիքները ստորին շեմ են իջել։ Խոսքս միայն հարուստներին չի վերաբերվում։ Մեզ էլ է վերաբերվում։ Հիմա կասեք՝ միշտ էլ այդպես է եղել։ Այդպես չի՜ եղել, հավատացնում եմ։ Մանկությանս տարիներին, հիշում եմ, երբ մի լավ ապրող խորոված էր անում, վատ ապրողները ծխի հոտը հենց առնում, երեխաներին առնում, տուն էին մտնում՝ թող չիմանան, որ «չտես ենք»։ Խորովածն անելուց հետ լավ ապրողը «փայ էր ուղարկում» վատ ապրողներին։

Հիմա ոնց որ, հազար ներողություն, «չտեսներ լինենք», մի օլիգարխ հարսանիք է անում, աջ ու ձախից վրա ենք տալիս, միկրոֆոններն առած շեմերում վազվզում, մի պահ որսալու համար։ Ամո՜թ է և՛ մեզ, և՛ նրանց։ Մեզ, որ «տուն չենք մտնում», նրանց էլ, որ աղքատ ժողովրդի աչքի առաջ «դքսուհիներին վայել հարսանիքներ կամ խրախճանքներ են ցուցադրում»։

Մեծահարուստը կամ պաշտոնյան հանրությանը կարող է զարմացնել միայն իր համեստությամբ: Բայց այնպես է ստացվել, որ և՛ հարստություն ունեցողն է «չտես» և՛ մենք․․․ Հարուստը միանգամից է հարստացել ու զարմացել, աղքատն էլ զարմացած է, որ իր երկրում նման հարուստ մարդիկ կան, ու ինքը քաղցած է։ Հարուստը ցույց է տալիս, աղքատն էլ ասում՝ տեսե՜ք, տեսե՜ք․․․

Արդյունքում բոլորս էլ մոռանում ենք, որ զույգին մի պարզ, մարդկային երջանկություն մաղթենք։

ՀԳ Խոսքս միայն Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին չի վերաբերվում։ Նա ընդհանուր շղթայի մի հատված է։

Նյութի աղբյուրը ` Hraparak.am