ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից եւ այլեւս չի վերադարձել:

Նախնական տվյալներով՝ տան բակից Մ. Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում եւ այլեւս չի վերադարձել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ կապկպված:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է Արամավիրի մարզային քննչական վարչության վարույթում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու նպատակով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մ.Սիմոնյանի սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 26-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ի փրկարարների հետ միասին Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դին: Նրան, որպես անհետ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում էին արդեն 2 օր:

Դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար եւ դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ: